ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքից։
«Դատավորը, օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը չխախտելու համար, դատարանի շենքում չլինելով, 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի արձանագրություն»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ըստ արձանագրության` 2018թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 09.30-ին դատական նիստն իբր անցկացվել է, բայց դիմումատուն, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները դատական նիստին չեն ներկայացել, և նիստը հետաձգվել է։
Բացի այդ, Գրիգորյանը (դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ) նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում մեկ այլ դատական գործով նիստի կեղծ արձանագրություն է կազմել։
«Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ»,– նշված է դատախազության հաղորդագրությունում։
Դատախազությունը նաև հայտնում է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը 2019թ. հուլիսի 26-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով 3 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:
2019թ. հուլիսի 27-ի որոշմամբ` ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը նույն հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն էր տվել:
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։
Գրիգորյանն այս պահին արձակուրդում է։ Հուլիսի 16-ին նրա աշխատասենյակը խուզարկել էին, ապա կնիքել։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են
Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դավիթ Գրիգորյանն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ–ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։ Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։
Դավիթ Գրիգորյանին թույլատրվել է սկզբից մինչև վերջ մասնակցել խուզարկությանը. դատախազություն