Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներին. տեսանյութ

132 հայ զբոսաշրջիկներն արդեն հայրենիքում են։ Կառավարության պահուստային միջոցներից տրամադրած գումարով հունական ավիաընկերության չարտերային չվերթով Հուրգադայում «գերի» մնացած զբոսաշրջիկները վերադարձան Երևան։
Sputnik

«Զվարթնոց» օդանավակայնում այսօր հավաքվել էին անբարեխիղճ տուրօպերատորից խաբված և Հուրգադայում մնացած զբոսաշրջիկների հարազատները, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Բոլորին հետաքրքիր էր` հանգստի ժամկետի ավարտից հետո որտեղ են մնացել, ինչպես են սնվել մեր հայրենակիցները։

Չկայացած հանգիստ. Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների թիվը կարող է ավելանալ

Երիտասարդ տղամարդը, որը եկել էր օդանավակայան Հուրգադայից վերադարձող կնոջն ու երեխաներին դիմավորելու, պատմեց, որ երկու օրվա հյուրանոցային հավելյալ ծախսերն ինքն անձամբ է հոգացել` Հայաստանից գումարի փոխանցումներ կատարելով։ «Իրենց հետևից եկել են, որ տանեն ինչ–որ տեղ գիշերակացի, բայց ես չեմ թողել, որ գնան։ Մնացածին տարել են այնպիսի մի տեղ, որ նույնիսկ չեն ցանկացել ներս մտնեն»,– ասաց նա։

Տղամարդը նշեց, որ իր ու ընտանիքի կրած վնասների փոխհատուցում կցանկանա պահանջել տուօպերատորից, բայց դատարան դիմելու մասին առայժմ չի մտածում։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացի զբոսաշրջիկները մնացել էին Եգիպտոսում։ Չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Ինչպես տեղեկացրել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը, չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված, նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի  ՀՀ քաղաքացիներ: