Ինչի համար էին վիճել զինվորն ու ավագը. Վոլոդյայի մահվան դեպքի մանրամասները. «Ժողովուրդ»

Դիրքի ավագը զինծառայողին հարցրել է, թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը: Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է, ինչի հետ կապված են վիճել են նրանք։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ

Ինչպես արդեն հայտնել էինք, 2019թ. հուլիսի 23-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ` նրան սպանելու համար։ Սակայն զինծառայողին դա անել չի հաջողվել, որից հետո նա հեռացել է տարածքից։ Որոշ ժամանակ անց գտել էին Վոլոդյայի դիակը՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով:

«Դիրքի ավագը զինծառայողին հարցրել է, թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը: Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է: Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, և նա դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ վիճաբանություն է սկսվել»,–գրում է թերթը։

Պարբերականը նշում է` փաստորեն, ըստ նախնական վարկածի, մի հեռախոսի պատճառով երիտասարդ զինվորն իր կյանքին վերջ է տվել:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Արագածոտն համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը հայտնել էր, որ Վոլոդյան իրենց համայնքից էր, ընդամենը 7 ամսվա զինծառայող։ Տղան վերջերս էր արձակուրդ գնացել` պապիկի մահվան տարելիցին մասնակցելու համար։