ՌԴ–ում Թուրքմենստանի դեսպանատունը չի հաստատում Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրը

Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրը նախօրեին հայտնել է թուրքմենական ընդդիմությունը։ Բայց պաշտոնական աղբյուրները չեն հաստատում այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում Թուրքմենստանի դեսպանատան աղբյուրը չի հաստատում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մահվան մասին այսօր լրատվամիջոցներում տարածված լուրը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ այսօր երիկամի անբավարարության պատճառով Բերդիմուհամեդովը մահացել է։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երրորդ անգամ դարձել է Թուրքմենստանի նախագահ

Մասնավորապես, քաղաքագետ, Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի նախագահ Ասլան Ռուբաևը, հղում անելով մայրաքաղաքի աղբյուրներին, նախագահի մահվան մասին լուրը հայտնել էր «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին։

«Ինձ այդ մասին տեղեկացրել են Աշխաբադում ապրող մարդիկ։ Նրանք գործարարներ են։ Երբ ես փորձեցի ճշտել տեղեկության հավաստիությունը, նրանք ասացին, որ այդ մասին իրենց ասել են հատուկ ծառայություններում աշխատողները»,–ասել է նա։

Նեզիգար տելեգրամ–ալիքի տվյալներով` Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրը նախօրեին հայտնել է թուրքմենական ընդդիմությունը։

Հաշվի առնելով, որ Թուրքմենստանը ինֆորմացիոն առումով փակ երկիր է, այս տեղեկության հավաստիությունն ու աղբյուրն անհայտ են։

Ի դեպ, Թուրքմենստանի նախագահականի կայքում նշված է, որ այսօր նախագահը շնորհավորել է առողջապահական ոլորտի աշխատողներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։

Նշենք, որ Թուրքմենստանի ղեկավարը հուլիսի 15–ից գտնվում է արձակուրդում։ Հաղորդվում էր, որ նա ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ և գիրք է գրում։