ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր դարձյալ չի կայացել, քանի որ Մանվել Գրիգորյանը դատարան չի բերվել:
Դատարանը «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացել էր գրություն, համաձայն որի` Գրիգորյանը չի կարող ներկա լինել նիստին` առողջական վիճակից ելնելով:
Նշենք, որ արդեն մի քանի դատական նիստ հետաձգվում է Գրիգորյանի բացակայության պատճառով:
Վերջին դատական նիստը, որին մասնակցել է Մանվել Գրիգորյանը, կայացել է հուլիսի 2-ին։
Այդ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին։
Դատական նիստն ընդհատվել էր Գրիգորյանի առողջության կտրուկ վատանալու պատճառով։Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ։
Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը. փաստաբան
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։