Շիրակում աղջիկը ապրել է սարերում, ապա 8 տարի մնացել գերության մեջ` թրաֆիքինգի ենթարկվելով

Երիտասարդ աղջիկը Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել։ Նա հիշում է, որ իրեն Վրաստանից Հայաստան է բերել ազգականն ու թողել այստեղ։ Այս խճճված պատմությունից նախ փորձել են գլուխ հանել ոստիկանները, հետո արդեն քննիչները։
Sputnik

 Երիտասարդ աղջիկը տարիներ շարունակ շահագործման է ենթարկվել Շիրակի մարզի անասնապահական ֆերմաներից մեկում, ապրել գոմում, ենթարկվել բռնության։ Թրաֆիքինգի դասական դեպքը բացահայտվել է միայն այն ժամանակ, երբ 8 տարվա գերությունից հետո նրան հաջողվել է փախչել։

Դեպքի մասին մանրամասներ են ներկայացվում ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութում։

Ստիպել են Երևանի փողոցներում անձեռոցիկ վաճառել ու խլել են ողջ գումարը. թրաֆիքինգի նոր դեպք

Դրանում նշվում է, որ դեպքը բացահայտվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային բաժնի աշխատակիցների ջանքերով։ Նրանք ս.թ. հունիսին տեղեկություն են ստացել, որ 8 տարվա գերությունից հետո աղջիկը փախել է Շիրակի մարզից, սարերով հասել Ապարան ու թաքնվել հովիվներից մեկի մոտ:

Հենց այդտեղ էլ ոստիկանները գտել են նրան ու բացահայտել տեղի ունեցածը: Աղջիկը ոստիկաններին պատմել է, որ չի էլ հիշում, թե ինքը քանի տարեկան է եղել, երբ իր ազգականներից մեկն իրեն Վրաստանից բերել է Հայաստան, թողել այստեղ ու հեռացել: Փոքրիկ աղջիկը մենակ մնալով` ապրել է սարերում, մի կտոր հացի կամ հագուստի դիմաց աշխատել տարբեր անձանց մոտ, նույնիսկ փող է վաստակել, բայց շահագործման չի ենթարկվել:

Երևանում փողոցային առևտրով զբաղվողներին թրաֆիքինգի են ենթարկել. տեսանյութ

Շահագործումը սկսվել է 2011թ.–ից, երբ Շիրակի գյուղերից մեկում գտնվող անասնաֆերմայի տերն իրեն աշխատանք ու աշխատավարձ է խոստացել, բայց չի վճարել` ստիպելով կատարել տարբեր աշխատանքներ:

Աղջիկը պատմել է, որ եթե այդ ընթացքում կենդանիներից մեկը սատկել կամ վնասվել է, տղամարդը մեղադրել է իրեն ու այդ պատճառաբանությամբ զրկել վարձատրությունից։

Թրաֆիքինգի մեջ կասկածվող ՌԴ քաղաքացին Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել

«Տղամարդը խոստացել է, որ կհանի անձնագիր և կօգնի գտնել մորը: Այս խոստումը, ըստ աղջկա, պատճառ է հանդիսացել, որ ինքը համաձայնել է աշխատել տղամարդու ֆերմայում»,– մեկնաբանում է Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկան Լուսինե Հարությունյանը, որը մասնակցել է օպերատիվ աշխատանքներին։

«Տղամարդը նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու սպառնալիքով հարկադրանքով պահել է գոմում և առանց որևէ վճարի աշխատեցրել»,– պատմում է Հարությունյանը։

Ստրկությունից ազատված աղջիկը ոստիկաններին նաև ասել է, որ տարիների ընթացքում մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը միշտ նրան գտել է, հետ բերել գոմ ու ծեծել՝ սպառնալով, որ կրկնվելու դեպքում խեղդելով կսպանի:

Հայաստանում 2018 թվականին բացահայտվել է թրաֆիքինգի 9 դեպք

Դեպքի առթիվ թրաֆիքինգի փաստով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննության։

Իսկ գերությունից ազատված աղջիկը, ինչպես հայտնում է ոստիկանության տեսանյութը, տեղափոխվել է «Հույս և օգնություն» ՀԿ-ի ապաստարան` մասնագիտացված հոգեբանական  աջակցություն ստանալու համար։

Տեսանյութում, սակայն, նշվում է, որ նա միայն մեկ նպատակ ունի՝ վերադառնալ Վրաստան ու գտնել մորը: