Ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը շուկայում. ՀՀ 4 մարզում երիտասարդներին կվերապատրաստեն

ՀՀ չորս մարզերում մեկնարկել է երիտասարդ պրոֆեսիոնալ մասնագետների նախապատրաստման ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանի մարզերի երիտասարդ սերնդի ակտիվ և մոտիվացված ներկայացուցիչները հնարավորություն են ստացել ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ, որպեսզի սկսեն իրենց գործը և գումար վաստակեն։ Այդ հնարավորությունը նրանց ընձեռել է Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզերի երիտասարդության համար» երկամյա ծրագիրը, որն իրագործվում է Հայաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի շրջանակում։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիի և Sputnik Արմենիայի լրագրողներին ասաց Հայաստանում UNDP ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։

Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են

Նա նշեց, որ նախագծի նպատակն է նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանի չորս մարզերում` Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում։ Դրանք առավել խոցելի և աղքատ մարզերն են, որտեղ 18-34 տարեկան բնակչության շարքում շատ բարձր է գործազրկության մակարդակը` 60 տոկոս։ Ընդ որում` այդ տղամարդկանց և կանանց մեծ մասը երեք տարուց ավելի չի աշխատում։

«Այսինքն` դա խրոնիկ գործազրկություն է երիտասարդության շարքում։ Մի ամբողջ սերունդ գումար չի վաստակում, պրոֆեսիոնալ առումով չի զարգանում և ռեալիզացնում իրեն։ Դա այն դեպքում, որ նույն մարզերում և երկրում պրոֆեսիոնալ աշխատուժի ահռելի պահանջարկ կա», – նշեց նա։

Մարյասինը նշեց, որ գյուղական վայրերում երիտասարդները չգիտեն, թե որ մասնագետներն են պահանջված աշխատաշուկայում, իսկ մասնագիտություն ընտրելու դեպքում շարունակում են ղեկավարվել կարծրատիպերով։ Նա նշեց, որ հիմա պետք են շինարարական մասնագիտությունների տեր մարդիկ, զբոսաշրջության ոլորտի պրոֆեսիոնալներ, «խելացի» ֆերմաների օպերատորներ։

Ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը շուկայում. ՀՀ 4 մարզում երիտասարդներին կվերապատրաստեն

«Պետք են նաև մարդիկ, որոնք կարող են հեռակա կարգով աշխատել դիզայնի, տեսանյութի, երաժշտության և 3D տպագրության ոլորտում։ Այդ ամենը ոչ իրատեսական է թվում մարզերի երիտասարդների համար, թեև ժամանակակից աշխարհում ոչինչ չի խանգարում նրանց պրոֆեսիոնալ վերապատրաստում անցնել և աշխատել այդ մասնագիտություններով», – նշեց նա։

Գործազրկության կատալիզատոր, թե տոտալիզատորների վախճան. ի՞նչ կտա խստացումը

Ծրագրի մշտական ներկայացուցիչն ասաց, որ, չնայած գործազրկության բարձր մակարդակին, մարզերի երիտասարդները շահագրգռված չեն սեփական բիզնեսը ստեղծելու։ Ուստի ծրագրի ուղղություններից մեկը Հայաստանում զարգացող ստարտափերի ընդգրկումն է գյուղական համայնքներում։

Առաջադրված խնդիրների վրա աշխատելու համար ներգրաված են Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի և Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մասնագետները։ Նրանց օգնությամբ կստեղծվի ռուսական «Ապագա մասնագիտությունների ատլասի» նմանօրինակը, որը կթիրախավորի Հայաստանի կոնկրետ մարզերը։

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ծրագրի մեկնարկը համընկել է երկրի կառավարության` համայնքների հավասարաչափ զարգացումն ապահովելու որոշման հետ` շեշտը դնելով քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու վրա։

«Հիմա աշխատաշուկայի պահանջները չեն համապատասխանում մարդկանց մասնագիտական հնարավորություններին։ Մարզերում բողոքում են գործազրկությունից, իսկ բիզնեսի ներկայացուցիչներն աշխատակիցների կարիք ունեն. պետք է լուծել հենց այդ հարցը», – նշեց փոխնախարարը։

Ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը շուկայում. ՀՀ 4 մարզում երիտասարդներին կվերապատրաստեն

Նշենք, որ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզերի երիտասարդության համար» ծրագրի հետազոտական աշխատանքները մեկնարկել են 2019թ.–ի փետրվարին։ Նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի թրասթային հիմնադրամի կողմից։ Դրա արժողությունը կազմում է 800 հազար դոլար։