Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին. ո՞րն է խնդիրը

Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ անհապաղ միջամտելու, քանի որ տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. 13 օր է, ինչ առաջին ատյանի դատարանը չի քննում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Խուդոյան․ «Գրավը կներկայացնի Քոչարյանի ազգականներից կամ ընկերներից մեկը»

«Մենք հունիսի 27-ին առաջին ատյանի դատարան միջնորդություն ենք ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն մինչ օրս այդ միջնորդությունը չի քննվել: Առաջին ատյանի դատարանը պարզաբանում է, որ չի կարող քննել մեր միջնորդությունը, քանի որ գործը գտնվում է վերաքննիչում, իսկ վերաքննիչը պատասխանում է, որ չի կարող գործն ուղարկել առաջին ատյանի դատարանին, քանի դեռ դրա բողոքարկման ժամկետը չի ավարտվել»,-ասաց պաշտպանը:

Նա կոչով դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ անհապաղ միջամտելու այս հարցին, քանի որ տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում: Ալումյանը նշեց, որ օրենքը նախատեսում է, որ միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ:

Նրա գնահատականով՝ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի Քոչարյանի իրավունքները:

Ինչու Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի. բացատրում է պաշտպանը

«Պետք չէ զարմանալ, որ Դանիելյանը գործը չի ուղարկում առաջին ատյանի դատարան, քանի որ նա մինչ այս էլ ամեն ինչ անում էր, որ Քոչարյանի իրավունքները խախտվեն»,-ասաց պաշտպանը:

Նա հայտնեց նաև, որ այսօր լրանում է վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու ժամանակը, և դատավորը գործը պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են կալանքի որոշումը