ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է

ՊԵԿ–ի տեսուչը տեղյակ է եղել, որ ՍՊԸ-ն առանց թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչը չարձանագրելու համար կաշառք է ուզել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի— Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք է բացահայտվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական էջից։

«Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ից պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար` ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 ՀՀ դրամի արժեքի չափով»,–նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Նախկին պաշտոնյաները կաշառք են վերցրել նպաստի դիմաց. ովքե՞ր են «կերել» անապահովների փողը

Խնդիրն այն է, որ տեսուչը, տեղյակ է եղել, որ ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին։ Հենց այս ամենը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար էլ ՊԵԿ–ի տեսուչը կաշառք է պահանջել։

Ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17.500.000 դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Կաշառքի մեջ կասկածվող նախկին փոխնախարարը 15 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։

Կատարվում է նախաքննություն: