Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

80 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը վերհիշում է խորհրդային ժամանակներում Երևանում անցկացվող զանգվածային առաջին ցույցերը, որոնց նպատակն էր Հովիվյանին վերադարձնել Հայաստան։
Sputnik

Թերևս չկա մեկ այլ հայ ֆուտբոլիստ, որի կյանքում տեղի ունեցած դեպքերն այդքան դրական ու լավատեսական լինեն։ Նա լքեց «Արարատն» ու մեծ ֆուտբոլը նախքան թիմի կողմից միության առաջնությունների և գավաթների բարձրագույն պարգևների նվաճումը։ Սակայն երկրպագուները նրան լավ են հիշում։ Իսկ դա, հավանաբար, մեդալներից և պատվոգրերից առավել կարևոր է։

Թամարա Լիսիցյան. երբ կորչում է վախի զգացումը

1960 թվականին Հովիվյանը դեռ երիտասարդ էր` 22 տարեկան, և նրան պետք է բանակ զորակոչեին։ Բայց նրան` անհավանական խաղացողի հնարավոր հեռանկարներ ունեցող այդ երիտասարդին, փորձում էին իրենց մոտ տանել բարձրագույն լիգայի մի շարք թիմեր, սակայն նա գերադասեց Երևանում մնալ։ Մոսկվայի ԲԿՄԱ-ն իրավունք ուներ հենց բանակ զորակոչվելու պատրվակով ցանկացած ֆուտբոլիստի հրավիրել իր մոտ հրամանի կարգով։

Այդպես էլ եղավ Հովիվյանի հետ։ Նա ԽՍՀՄ ՊՆ-ից «աշխատավայր»` ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբ ներկայանալու հեռագիր ստացավ։ Հայաստանում բոլոր իրավասուներն անհանգստացան, հանրապետության զինկոմը հեռագիրը ձեռքին գնաց Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի մոտ, սակայն նա, հակառակի պես, պատրաստվում էր գործերը իր հաջորդին փոխանցել, և ոչինչով այլևս չէր կարող օգնել։

Մեկ-երկու շաբաթ սպասել էր պետք, մինչև նոր քարտուղարը ստանձներ պաշտոնը, սակայն ինչպե՞ս կարելի էր կես ամիս անտեսել միության պաշտպանության նախարարի հրամանը։ Հուսահատությունից Հովիվյանն ու իր ընկերները մտածեցին ծեծկռտուք կամ խուլիգանական կեղծ հարձակում կազմակերպել, որպեսզի ոստիկանությունը ձերբակալի ֆուտբոլիստին գոնե 15 օրով։ Բայց ամեն ինչ հնարավոր եղավ գլուխ բերել առանց կռվի ու խուլիգանության։ Հովիվյանի ընկերներից մեկը ոստիկանությանը բողոքեց «խուլիգան-մարզիկից»։

Ասում են` Հովիվյանը չկարողացավ սպասել մինչև ոստիկաններն իրեն գտնեն ու բերման ենթարկեն և անձամբ ներկայացավ «մեղայականով»։ «Հանցագործությունը բացահայտելու» պատրաստ ոստիկաններն ապշեցին Հովիվյանին տեսնելով և կտրականապես հրաժարվեցին հավատալ դիմումը ներկայացնողին։ Ստիպված եղան ոստիկանությանը պատմել ողջ ճշմարտությունը և խնդրել, որ նրանք ձևակերպեն ֆուտբոլիստի ձերբակալումը, ոստիկանները զայրացան և որևէ կերպ չհամաձայնեցին աջակցել։

Բարեհոգի մարդը, որը «խոհարարուհիների որդիներին» արգելեց բուհ գնալ. ո՞վ է եղել այդ հայը

Նրանց մերժումը հասկանալի էր` Հովիվյանին ձերբակալողը պարզապես փողոց դուրս գալ չէր կարողանա, նույնիսկ սեփական տան բակում, նա միանշանակ ժողովրդի թշնամին կդառնար։ Ոչինչ անել հնարավոր չէր, Սարգիսը մեկնեց Մոսկվա` ԲԿՄԱ։

Իսկ այդ ընթացքում Երևանում բողոքի ալիք բարձրացավ։ Այն ժամանակ բանակայիններին մարզում էր հայտնի Կոնստանտին Բեսկովը։ Հովիվյանի կյանքի այդ դրվագը նա մանրամասն նկարագրել է իր «Իմ կյանքը ֆուտբոլում» գրքում։ Մեջբերենք մեկ հատված այդ իրադարձությունների մասին նրա հուշերից։

«ԲԿՄԱ իմ գալուց որոշ ժամանակ առաջ բանակային ծառայության էին զորակոչել Երևանի «Արարատի» հարձակվող Սարգիս Հովիվյանին։ Հրամանատարությունը նրան բանակային թիմ էր ուղարկել։ Այլ թիմերից իմ թիմ խաղացողների չբերելն ինձ համար սկզբունք դարձնելով` ես երբևիցե նաև Հովիվյանին նման բան չէի առաջարկի։ Սակայն քանի որ նրան ղեկավարությունն էր ուղարկել, ես չհրաժարվեցի 23-ամյա արագավազ հարձակվողից, որն ուժեղ հարված ուներ։ Սակայն այն մասին, ինչի վերջնարդյունքում դա վերածվեց, ես նույնիսկ մտածել չէի կարող։ 1961 թվականի խաղաշրջանի առաջին խաղը պետք է անցկացնեինք Տալլինի «Կալև» թիմի հետ Երևանում, քանի որ Տալլինում և Մոսկվայում ցուրտ էր։ Ժամանեցինք Հայաստանի մայրաքաղաք և պատի վրա տեսանք հետևյալ գրությամբ պաստառը` «Բեսկովը գող է։ Ձեռքդ քաշի՛ր Հովիվյանից»։

Այնուհետև դեպքերը զարգացան։ Երևանում նրա երկրպագուները խանգարում էին ԲԿՄԱ-ի մարզումներին, ընդ որում` մարզումները խափանում էին բավական ինքնաբուխ, ստեղծարար ձևով` սպասում էին մարզումների մեկնարկին, դուրս գալիս դաշտ, վերցնում Հովիվյանին և ձեռքերի վրա կենտրոն տանում կամ յուօրինակ պատվո պտտույտ էին կատարում մարզադաշտով։ Դե էլ ինչ մարզում այսքանից հետո…

«Իոսիֆյանի ուղղաթիռն» ու Գագարինը, կամ ամենայն հայոց «էլեկտրիկոսի» խելահեղ պատմությունը

Այնուհետև երկրպագուների մեծ ամբոխը մոտեցավ հյուրանոցին, որտեղ հանգրվանել էր Մոսկվայի ակումբը, և հանրության ներկայացուցիչները հարց հղեցին Հովիվյանին, թե ցանկանում է արդյո՞ք նա մնալ ԲԿՄԱ-ում, թե ուզում է Երևան վերադառնալ։ Հովիվյանը պատասխանեց, որ վերադառնալ է ուզում։ Ամբոխն անմիջապես շրջվեց և կազմակերպված կերպով ու միահամուռ ուղղվեց դեպի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի շենքը։ Ճանապարհին ոչ ոք ցուցափեղկեր չէր կոտրում, խուլիգանություն չէր անում և չէր բղավում, այդ մարդիկ խաղաղ նպատակ էին հետապնդում։

Մեկ տարի անց Հովիվյանը Երևան վերադարձավ։ «Ազատագրման գործողություններին» մասնակցեցին ԿԿ առաջին քարտուղար Զարոբյանը, Վազգեն Առաջին կաթողիկոսը, իսկ Մոսկվայում հսկա երկրի ռազմամարզական ղեկավարության ուղղությամբ գրոհեց անվախ մարշալ Բաղրամյանը։

Ասացեք խնդրեմ, ֆուտբոլիստներից ո՞ր մեկին է նման բախտ վիճակվել, որպեսզի այդքան ազդեցիկ մարդին միջնորդեն նրան հայաստանյան թիմ վերադարձնելու համար։ Միայն Սարգիս Հովիվյանին, և դա բնական է` նրա նմանը չկա։