Ի՞նչ է փոխվելու վարորդական վկայական ստանալու կարգի մեջ. փոխոստիկանապետի պարզաբանումը

Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի նախագիծը։ Այն արդեն արժանացել է քննադատության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն իր Facebook-յան էջում պարզաբանել է, թե ինչ է ենթադրում վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի նախագիծը։

Փոխոստիկանապետը նշում է, որ դրանով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատար ավտոմեքենաների վարման իրավունքի «C» կարգի վկայական ստանալու համար:

Հայաստանում վարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՃՈ պետը մանրամասներ է հայտնել

«Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրառման ճանապարհային քարտեզով»,– գրում է Քոչարյանը:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, որի համաձայն վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բավարար չի լինելու միայն թեստային և վարման գործնական քննությունները դրական հանձնելը:

Վարորդների բալային համակարգի առավելություններն ու թերությունները ներկայացնում է փորձագետը

Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի նաև ուսուցում իրականացնող կազմակերպության դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ:

Մամուլում այս նախաձեռնությունը որակվեց որպես ավտոդպրոցների համար «գործ կպցնելու» քայլ։