Անկանխատեսելի Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար

Նկարիչ–սյուրռեալիստը շատ արագ հասկացավ, որ պիտի քանդակներ կերտի։ Լորենցոն պիտի ապացուցեր ոչ միայն բարձր արվեստի շրջանակում քանդակներ ստեղծելու իր տաղանդը, այլև հոր` Էնթոնիի հեղինակության ճնշող կախարդանքից դուրս գալու ունակությունը։ Քուին ազգանունը պարտավորեցնող է։
Sputnik

Լորենցոն դերասան Էնթոնի Քուինի որդիներից է։ Այսքանով արդեն շատ բան է ասված։ Լեգենդար հայր ունենալը միշտ էլ հաճելի բան է, հատկապես, եթե մտադիր ես վայելել նրա փառքի ցոլքերն ու օգտվել հոր թողած նյութական կամ ոչ նյութական ժառանգությունից։

Արշիլ Գորկու ընկերն ու Վիլյամ Սարոյանի մտերիմը. ո՞վ էր ի վերջո Ենովքը

Իսկ եթե դու մտադիր ես ինքնուրույն արարել, ապա լեգենդար հայր ունենալը մեծ ծառայություն կմատուցի փորձի և ուրիշների սխալների վրա սովորելու առումով, սակայն դու դժվարագույն խնդիր պետք է հաղթահարես. ապացուցես, որ դու, առնվազն, հավասար ես այդ լեգենդին։ Այնուհետև պետք է փորձես գերազանցել։

Սկզբում Լորենցոն փորձում էր սյուրռեալիստական կտավներ ստեղծել. հայտնի չէ` որքան հեռու կարող էր գնալ, սակայն դա շատ արագ ձանձրացրեց նրան։ Հոգու խորքում գլուխ էր բարձրանում քանդակի նկատմամբ կիրքը, որը 20 տարեկանում վերածվեց վճռականության։ Լորենցոն մեծացել է Հռոմում, որտեղ մեկը մեկից հիասքանչ քանդակները շրջապատում էին նրան։ Երկար կանգնում էր Միքելանջելոյի, Ռոդենի կամ Բերնինիի ստեղծագործությունների առաջ, ինչը Լորենցոյին մղեց մարդու մարմին կերտելու մտքին, իսկ ամենից շատ նրան գրավում էին ձեռքերը` արտահայտիչ, նյարդային, քնքուշ, կոպիտ։

Անկանխատեսելի Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար

«Ես ուզում էի կերտել այն, ինչը տեխնիկապես ամենադժվարն է համարվում։ Ձեռքը հզորություն ունի` սիրելու, ատելու, արարելու, քանդելու ուժ», – ասում է Լորենցո Քուինը։

Սխրանք քարի վրա. ի՞նչ հրաշքներ են գործել օտարերկրյա քանդակագործները Հայաստանում

Ձեռքերով, ինչպես աչքերով ,կարելի է ասել ավելին, քան բառերով. այդ ճշմարտությունն ավելի հեշտ է հասկանալ, քան արվեստի ստեղծագործության վերածել։ Լորենցոյին դա հաջողվեց, և նրա քանդակներն այսօր կարելի է տեսնել ամենուր` Փարիզից և Ժնևից մինչև Մումբայ և Շանհայ։ Որոշակի առումով նա էքզիստենցիալիստ է. մշտապես փնտրտուքների մեջ այն գլխավոր շտրիխի, որը բացահայտում է մարդու անհատականության բացառիկությունը։ Ինչպես նաև սեփական «ես»–ի, իհարկե։

Լորենցոն սկսել է աշխատել Նյու Յորքում, շատ բաներ է փորձել. նկարչությունից բացի, նաև մի քանի ֆիլմերում է նկարահանվել։ Երևի հասկանալով, որ կինոէկրանին հոր փառքը գերազանցել չի հաջողվի, զբաղվել է նրանով, ինչը համաշխարհային փառք է բերել նրան։

Նյու Յորքը շատ թանկ տեղ դուրս եկավ, աստղաբաշխական թվեր արժեր գրեթե ամեն բան` նյութերից և գործիքներից մինչև արհեստանոցի վարձակալություն։ Լորենցոն նախընտրեց Բարսելոնան, քաղաք, որը Նյու Յորքից ոչ պակաս համակված էր արվեստով ու բոհեմյան ոգով։ Կատալոնիայում ծախսերը շատ ավելի խելամիտ էին, և արվեստով զբաղվելն այնտեղ ավելի հարմար էր։

Անկանխատեսելի Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար

Հուլիսի 2-ի երեկոյան Լորենցո Քուինը հյուրեր էր ընդունում Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած ստեղծագործական երեկոյի ընթացքում։ Վայելչակազմ, բարետես, արտաքինով և խառնվածքով ավելի շատ նման էր կարիերայի վերելքի շրջանի վոլեյբոլիստի, քան հիսունն անց, փառքից հոգնած վարպետի։

Հայ քանդակագործը հաղթել է Ֆլորենցիայում. նրա աշխատանքներն ապշեցրել են ժյուրիին

«Ես կերտում եմ ինքս ինձ համար և այն մարդկանց համար, որոնք պատրաստ են ճանապարհորդել իմ երազանքի միջով», – ասում է նա։

Մի անգամ ինքն էլ է մեկնել այդ գլխապտույտ շրջագայության` առանց հետ նայելու, սակայն իմանալով, որ շատերն են հետևում իրեն, որպեսզի ոչ միայն զմայլվեն իր աշխատանքներով, այլև սովորեն զգալ և մտածել այնպես, ինչպես բնորոշ է Sapiens–ի սակավաթիվ տեսակի Homo–ներին։

27 տարեկանում Լորենցո Քուինը ՄԱԿ–ի համար ստեղծել է «Կենաց ծառի» քանդակը. Այդ աշխատանքնը նույնիսկ պատկերված է այդ կապակցությամբ թողարկած նամականիշի վրա։ Մեկ տարի անց` 1994 թվականին, նա ավարտել է Սուրբ Անտոնիոն` նրա 800-ամյա հոբելյանին ընդառաջ։ Դա Վատիկանի հատուկ պատվերն էր, աշխատանքն ու քանդակագործն արժանացան Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի օրհնությանը։

Անկանխատեսելի Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար

Լորենցո Քուինը ստանդարտ չէ ոչ միայն իր ստեղծագործություններում, այլև նրանց և հանդիսատեսի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի մեջ։ Հազվագյուտ արվեստագետը թույլ է տալիս իր հոգու ու մտքերի մեջ ներխուժել օտարներին, իսկ Լորենցոյի համար օտարների ներխուժումն է արվեստի իմաստը։ Նա պոեմ է գրում (առնվազն բանաստեղծություն) գրեթե յուրաքանչյուր իր քանդակի համար և իր ստեղծագործություններն անպայման տեղադրում քանդակների կողքին. այ այսպիսի ոչ ստանդարտ երկխոսություն։

Լորենցոյի դեպքում ոչ մի բանի վրա չես զարմանում. նա ձգտում է, որ հանդիսատեսը շոշափի իր աշխատանքները, այդ պատճառով էլ տեքստուրաների տարբերությունը (կատարյալ հարթից մինչև միտումնավոր կոպիտ) պարտադիր է յուրաքանչյուր քանդակի համար։ Քանի որ բացառությամբ նրա բոլոր ստեղծագործությունները մարդկանց և նրանց վերաբերմունքի մասին են, Քուինն այդպես է ցույց տալիս հույզերի փոփոխականությունը, մարդկային էության բազմազանությունը։ Նա կարծում է, որ միայն այն հանդիսատեսն է ամբողջությամբ հասկացել իր քանդակը, որը հասկացել է յուրաքանչյուր դետալը. Քուինն անկարևոր տարրեր չունի։

Անկանխատեսելի Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար

«Ես չեմ հավատում, որ գոյություն ունի արվեստագետ, որը մինչև վերջ բավարարված է իր աշխատանքով։ Այն օրը, երբ դու որոշես, որ դադարել ես զարգանալ, բացահայտել, էվոլյուցիայի ենթարկվել, երբ կզգաս, որ բավարարված ես նրանով, ինչը ստեղծել ես, դու որպես արվեստագետ կմահանաս», – ասում է մեր ժամանակների ամենաանկանխատեսելի և կրեատիվ քանդակագործը։

Իրանի քանդակագործության մայրը. ինչպես Լիլիթ Տերյանը գրավեց Թեհրանը

Քուինն ասում է, որ մի քանի օր է, ինչ Երևանում է, փոխարենը` մայրաքաղաք է եկել Դիլիջանից։ Այդ ոչ երկար ճանապարհորդությունը նրա համար բացահայտել է բազմաթիվ պատմական շերտեր, որով զարմանալիորեն հարուստ է Հայաստանը, իսկ Երևանը, նրա խոսքով, մի շարք հետաքրքիր մշակութային շերտեր է ներկայացնում։ Մաեստրոյի աչքը փորձառու է, ինչ խոսք, ճիշտ է նկատել. մայրաքաղաքում մշակութային էվոլյուցիա է նկատվում, բայց ոչ պատմական, եթե պատմական համարենք մեկ դարից ավելի ժամանակահատվածը։

«Վրեմյայից» առաջ և հետո, կամ ինչպես հայ լրագրողը խեցեգործ դարձավ ԱՄՆ–ում

Քուինն ասում է, որ նույնիսկ Երևանում տեղ է գտել, որտեղ կարելի է, ինչպես ինքն է արտահայտվում, «որևէ բան մտածել»։ Եվ միաժամանակ ոգևորությամբ, չսպասելով հարցերի, սկսում է խոսել այն մասին, որ ամեն ինչ կախված է հայեցակարգից. կլինի դա ժամանակավոր ինստալյացիա, թե մշտական, փոքր, միջին չափերի, իսկ գուցե մոնումենտալ, որոնցից շատ ունի։ Հասկանում ենք, որ Երևանում «որևէ բան մտածելու» գաղափարը վարպետի մոտ նոր է ձևավորվում։

«Ուրբանիստական մշակույթը,–ասում է Լորենցոն,–փոխում է շուրջբոլորը։ Նույնիսկ ճնշում ազգայինը, ավանդականը։ Հատկապես դա նկատելի է Չինաստանի կամ Հնդկաստանի նման մեգապոլիսներում։

Մենք` երևանցիներս, հեռու ենք մեգապոլիսներից, և մեր բախտն այդ հարցում երևի բերել է։

Անհայտ քանդակագործի հայտնի աշխատանքները. ինչու են մոռացել Նուրիջանյանի մասին

«Իսկ ընդհանրապես, իմ ամբողջ արվեստը շփման մասին է», – ասաց Քուինը։

Եվ հիրավի. «Թումոյում» ստացվեց երկխոսությունը` արվեստաբանի և հանդիսատեսի, հավասարը հավասարի հետ։

Իսկ նա իսկապես զրույցը կառուցելու վարպետ է. նույնիսկ ինչ–որ բանի մասին պատմելիս անդադար անդրադառնում է զրուցակցին, նրան բանավեճի կանչում։ Նա պետք է այլընտրանքային կարծիք լսի, նրան հաճույք է պատճառում քննարկման գործընթացը, և բանավեճում հաղթողի մասին նույնիսկ խոսք չկա. նման բանավեճերը պարտվողներ չեն ենթադրում, իսկ հաղթող են դառնում բոլորը։

Անկանխատեսելի Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար