ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Կայացել է ԱՄՆ, Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդների պատմական հանդիպումը։ Առաջին անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եղել է երկու Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում։
Հանդիպման սկզբում Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահն իրար ողջունել են ձեռքսեղմումով, դրանից հետո Թրամփն անցել է հյուսիսկորեական տարածք, որտեղ լուսանկարվել է Կիմ Չեն Ինի հետ։ Դրանից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը Թրամփի հետ անցել է Հարավային Կորեայի տարածք, որտեղ էլ հանդիպել է Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինին։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։
Հանդիպման արդյունքում Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդին հրավիրել է ԱՄՆ։ Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը կարող է ԱՄՆ ժամանել ցանկացած պահի։
«Բայց կարծում եմ, որ մենք սա պետք է թողնենք բանակցությունների հաջորդ քայլի համար։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը։
Նաև հայտնի է դարձել, որ Թրամփն ու Կիմ Չենը պայմանավորվածություն են ձեռքբերել բանախոսների հատուկ խումբ ստեղծելու վերաբերյալ։
«Մենք կկազմենք հատուկ խմբեր, որոնք կմշակեն մանրամասները։ Մեր նպատակն արագությունը չէ, մենք ցանկանում ենք լավ գործակցության հասնել»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը։
Նրա խոսքով՝ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում խմբերը կսկսեն իրենց աշխատանքը։
Հայտնի է, որ ամերիկյան կողմից խմբի կազմում կլինեն ԿԺԴՀ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը, ինչպես նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն։