ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցինք , որ ալգորիթմները ոչ միշտ են ծառայում իրենց նպատակին, իսկ էլեկտրոնային սիգարետներն էլ կարող են ակնթարթային վնաս հասցնել մարդուն։
Facebook-ի ալգորիթմն այնքան սխալ է աշխատում, որ եփած հավի ծիծաղն էլ կգա
Facebook-ը ալգորիթմ է մշակել, որն իբր ճանաչում է նկարում պատկերված ուտելիքը, հասկանում է՝ ինչ բաղադրիչներից է կազմված, գցում-բռնում է՝ ինչ ձևով են դրանք մշակել (կտրտել են, խաշել, թե տապակել), որից հետո էլ բաղադրատոմսը մանրամասն ներկայացնում է տեքստի տեսքով: Նեյրոցանցը աշխատեցնող տվյալների բազան պարունակում է մեկ միլիոնից ավելի սննդի նկար: Այս մասին Ցուկերբերգի թիմը խոսել է ընկերության բլոգում։
Հարց կառաջանա, թե ինչու լուրը հայտնելիս օգտագործեցի «իբր» բառը։ Ասե՛մ։ Ես այս նորարարությունը փորձարկեցի, և արդյունքը, մեղմ ասած, չգոհացրեց:
Փորձեցի ալգորիթմի միջոցով պարզել, թե ինչ բաղադրիչներից են կազմված ամենասովորական ձվածեղը, շաուրման և արագ եփվող լապշան: Նեյրոցանցը նշվածներից ոչ մեկը ճիշտ չներկայացրեց:
Իսկ հիմա ամենազավեշտալին. որոշեցի զուտ հետաքրքրության համար որևէ մարդու լուսանկար տրամադրել ալգորիթմին և ոչ մեկին չնեղացնելու համար առաջարկեցի իմ լուսանկարը: Գրեթե լիովին վստահ էի, որ ալգորիթմը այսպես ասած հետ կշպրտի իմ լուսանկարը և կասի՝ տղա ջան, ձե՞ռ ես առնում, ես սրա բաղադրատոմսը քեզ ո՞նց տամ, ախր սա մարդ է: Բայց ֆեյսբուքյան ալգորիթմը հիասթափեցրեց ինձ և լուրջ-լուրջ ներկայացրեց իմ իսկ բաղադրատոմսը։ Պարզվեց, որ ես պատրաստված եմ ժելեից, բեկոնից, սալսա սոուսից և կիտրոնից: Այս խառնաշփոթ համադրությունն ինձ ամենևին դուր չեկավ, այնպես որ առայժմ խորհուրդ չեմ տա օգտվել ընկերության առաջարկած այս նորույթից: Հուսանք, որ ալգորիթմի խնդիրները կվերացվեն, և շուտով այլևս գաղտնի բաղադրատոմսեր չեն լինի:
Եթե ուզում եք ինքներդ ստուգել ալգորիթմը այցելեք այս հղմամբ, սեղմեք Open in Colab–ի վրա, ապա անցեք Runtime-ով, որից հետո էլ սեղմեք Run All-ը։ Այսքանից հետո 22–րդ բլոկում demo_urls-ում գրված հղումների փոխարեն գրեք ձեր նկարի հղումը, որից հետո էլ վերադարձեք Runtime, բայց այս անգամ սեղմեք Run After-ը։
Photoshop-ի թշնամին տնից է
Photoshop-ի և լուսանկարների այլ խմբագրիչների միջոցով մարդկանց խաբելը նորություն չէ, և տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այսօր «ֆոտոշոփել» կարող է գրեթե յուրաքանչյուրը: Սակայն աշխարհն առավել մտահոգ է տեխնոլոգիական նորությունով, որն արհեստական բանականության միջոցով արդեն կարողանում է կեղծ լուսանկարներ ստեղծել կամ պատրաստել տեսանյութեր, որում հերոսն ասում է այն, ինչը ցանկանում է խմբագիրը:
Բայց այս շաբաթ Adobe ընկերությունը, որը հեղինակել է լավագույն վիդեո և ֆոտո մոնտաժային ծրագրերը, հայտարարեց, որ իր մասնագետները, միավորելով ուժերը Վաշինգտոնյան համալսարանի աշխատակիցների հետ, փորձելու են ստեղծել արհեստական բանականության վրա հիմնված մի համակարգ, որն ի զորու կլինի բարձր ճշգրտությամբ հայտնաբերել լուսանկարների վրա կատարված միջամտությունները: Adobe-ն այս մասին խոսեց իր պաշտոնական բլոգում։
Պարզվեց` հետազոտողները փորձարկել են իրենց ծրագիրը՝ արհեստական բանականությանը տրամադրելով փոփոխված 1000 լուսանկար:
Հետաքրքիրն այն է, որ տեխնածին մեթոդը շատ ավելի արդյունավետ է, քան մարդկային աչքը: Եթե հարցված մարդկանց միայն 53%-ն է կարողացել հասկանալ, որ նկարը փոփոխության է ենթարկված, ապա Adobe-ի ալգորիթմը 99% դեպքերում հայտնաբերել է մանիպուլացված նկարը: Պետք է խոստովանել, որ իրոք զգալի ցուցանիշ է:
Ընկերությունը խոստանում է զարգացնել ծրագիրը, որպեսզի այն, նկարներից բացի, կարողանա նաև աշխատել տեսանյութերի, ձայների և փաստաթղթերի հետ: Փաստորեն Adobe-ը ստեղծեց նաև իր իսկ զավակի թշնամուն կամ, ժողովրդական լեզվով ասած, թշնամին տնից է լինում:
Էլեկտրոնային սիգարետները այդքան էլ ապահով չեն
Եթե որևէ մեկը երբևէ ասի ձեզ, որ էլեկտրոնային սիգարետ ծխելն ավելի անվտանգ է, քան ավանդականը, ուղղակի պատմեք նրան այս պատմությունը:
Ոմն ամերիկացի` Օստին Ադամս անունով, 17-ամյա երիտասարդ, չգիտես՝ որտեղից, ձեռք էր բերել էլեկտրոնային սիգարետ: Վերոնշյալ սարքերի մեծամասնությունն աշխատում են լիթիում-իոնային մարտկոցներով, որոնք սկսում են տաքանալ, եթե երկար սեղմած ես պահում հեղուկի տաքացման համար նախատեսված կոճակը:
Դե, երևի հասկացաք, որ նման տաքացման պատճառով, պատանու էլեկտրասիգարետը պայթել է հենց բերանում՝ զրկելով նրան մի քանի ատամներից և կոտրելով ծնոտը: Այս մասին հայտնում է New England Journal-ը։
Քանի որ տղայի ընտանիքն ապրում է գյուղում, Ադամսի մայրը 5 ժամում է կարողացել որդուն հասցնել մոտակա հիվանդանոց: Բժիշկները հաստատել են, որ տղայի ներքին ծնոտը լրջորեն վնասվել է, իսկ շրթունքների շուրջ այրվածքներ կան: Չեմ վախենա ասել, որ 17-ամյա Ադամսը իրոք փրկվել է, որովհետև այս տարվա հունվարին Տեխասում էլեկտրական սիգարետի պայթունի պատճառով մի տղամարդ մահացել էր, երբ գրչանման սարքի երկաթե մասը հայտնվել էր պարանոցի մեջ` վնասելով զարկերակը:
Հատկանշական է, որ 2015-2017 թվականների ընթացքում ԱՄՆ-ի անհետաձգելի օգնության բաժին են դիմել էլեկտրասիգարետի պատճառով տուժած 2035 մարդ: Առակս ի՞նչ կցուցանե: Մի ծխեք, վերացրեք այդ սովորությունը, մի ծխեք նույնիսկ այդ թույնի էլեկտրական տարբերակը: Եթե մնացած դեպքերում տեխնոլոգիաները մեզ օգնում են, ապա այստեղ դրանք հակառակ գործով են զբաղված:
Telegram-ն իր օգտատերերի համար նորույթ է պատրաստել
Հայաստանում տելեգրամն արդեն բավականին զարգացել է ու իր երկրպագուների կայուն ու ավելացող բանակ է հավաքել: Վստահ եմ, որ նրանց շատ կուրախացնի «ամենագաղտնապահ» մեսենջերի խոստացած նորարարությունը:
Առաջիկայում Telegram մեսենջերում գործելու է նոր ֆունկցիա, որի միջոցով օգտատերը կարող է մոտակայքում գտնվող անծանոթ մարդուն նամակ ուղարկել կամ էլ խմբային չատեր ստեղծել՝ նշելով տեղանքը, թեման և մինչև որքան հեռավորության վրա գտնվող մարդկանց է դա վերաբերում: Այս մասին տեղեկացնում է Код Дурова պարբերականը։
Գեոչատերը լինելու են ինչպես բոլորին հասանելի, այնպես էլ՝ մասնավոր, որտեղ հնարավոր կլինի հայտնվել միայն հրավերի միջոցով: Չատերի մասնակիցների քանակն անսահմանափակ է լինելու:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` տելեգրամ–մեսսենջերը խոստանում է չպահպանել գեոչատերի նամակագրությունները և այլ տվյալներ: Կարճ ասած՝ ստանում ենք ինչ-որ սթորիանման չատ, որտեղ մարդիկ ֆեյսբուքում «կոֆե-կենտրոն» բովանդակությամբ գրառում կատարելու փոխարեն, կարող են շատ արագ գտնել այնպիսի մեկին, ով արդեն կենտրոնում է և կհամաձայնի իրենց հետ այցելել մոտակա սրճարան կամ ուղղակի զրուցել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։