Հայկական TV-ները կտուժե՞ն շահումով խաղերի գովազդը կրճատելուց, ո՞վ կշահի

Վիճակախաղային ծառայություններ մատուցող, շահումով խաղեր կազմակերպող, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչվեին՝ խաղամոլության վրա «փող շփող» կազմակերպությունները գովազդի համար միջոցներ առանձնապես չեն խնայում:
Sputnik

Հեռուստագովազդի վրա նման կազմակերպությունները կարող են ամիսը 100-150 միլիոն դրամ և նույնիսկ ավելին ծախսել: Ինչ-ինչ՝ բայց եկամուտների պակաս կամ ընդհատում նրանք չունեն, ի տարբերություն իրենց ճիրաններում հայտնված խաղամոլների:

Բայց բոլոր այդ «շահումով խաղերի» համար էլ, առայժմ՝ գովազդման որոշ սահմանափակման առումով, կարծես թե դժվար ժամանակներ են վրա հասնում: Համենայն դեպս, Ազգային ժողովի կողմից նախօրեին ընդունված նախագիծը՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, դա է հուշում:

Սա այն հազվագյուտ դեպքերից է, որ անկախ քաղաքական կամ այլևայլ հայացքներից, պետք է որ հասարակության մեծ մասը ողջունի ընդունված փոփոխությունները, գոնե առանցքային գաղափարական ուղղվածության առումով: Իսկ առանցքայինն այստեղ այն է, որ հեռուստաեթերում (առնվազն) նկատելիորեն սահմանափակվի այդ կարգի «վիճակախաղային կազմակերպությունների» գովազդը:

Խաղատունը լավ բան չէ. Հայաստանում կսահմանափակեն շահումով խաղերի գովազդը

Ճիշտ է, այնպիսի տպավորություն է, որ ամբողջ այդ խաղամոլական, կներեք, բիզնեսը մեծամասամբ արտագաղթել է վիրտուալ տիրույթ, այդ թվում՝ գովազդի առումով, բայց հեռուստատեսությունը տակավին մնում է ազդեցիկ միջոց, ըստ այնմ՝ հեռուստագովազդը նույնպես:

Օրենքի փոփոխությունից կարող են կամ ավելի ճիշտ՝ դժգոհ կմնան հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Կատակ բան չէ, ի վերջո, երբ որևէ տնտեսվարող զրկվում է ամիսը մի 150 միլիոն դրամ կայուն եկամտից: Բայց դա, հուսանք, ժամանակավոր նեղություն կարող է լինել հեռուստաընկերությունների համար, որոնք սահմանափակված խաղամոլական գովազդի բացը կլրացնեն այլ ապրանքների ու ծառայությունների գովազդային եկամուտներով:

Արգելքների կամ փոփոխությունների մասին: Հիմնականներից մեկն այն է, որ հեռուստաալիքներով վիճակախաղի գովազդը «թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում»:

Կան նաև ժամանակային սահմանափակումներ՝ սահմանված ժամագոտում գովազդի տևողության և կրկնման վերաբերյալ: Բայց կարծում ենք, կարելի էր շատ ավելի խիստ մոտեցում որդեգրել և վիճակախաղային գովազդի թույլատրելիության ժամագոտին հեռուստատեսության դեպքում սահմանել 24:00-ից մինչև 06:00-ն:

Բանն այն է, որ 22:00-ից մինչև 01:00-ի միջակայքում շատ պատանիներ, երիտասարդներ ակտիվ են, ուստիև՝ հասանելի այդ վտանգավոր, դեպի խաղամոլական ճահիճը գայթակղող գովազդային «գոլորշիների» համար:

Անհատական մերսում, բայց հյուրանոցի ներսում. ինչպես են ինտիմ առաջարկներ արվում սոցցանցերում

Ի լրում, ավելի սահմանափակ ժամագոտին լիովին կընդգծեր այդօրինակ գովազդի և գործունեության հանդեպ մերժողական մոտեցումը:

Ինչ վերաբերում է ռադիոալիքներով վիճակախաղային գովազդին, ապա ինչ էլ ասվի՝ անհասկանալի մնաց առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը այն թույլատրելու մոտեցումը: Կարելի է կարծես, թե այդ ժամերին հասարակությունը ռադիո չի ունկնդրում: Մինչդեռ դա այնքան էլ այդպես չէ: Ռադիոալիքներ առավելապես ունկնդրում են վարորդները, այդ թվում՝ հանրային փոխադրամիջոցների, հասկանալի է, ներառյալ տաքսիները, չհաշված արդեն հեռախոս-ռադիոընդունիչները: Կարճ ասած, հնարավոր թիրախային խմբերին վիճակախաղային գովազդանյութը կարող է հասանելի լինել ռադիոալիքներով: Այսինքն, այն, ինչ արգելվելու է հեռուստատեսությամբ, կարող է ծաղկել ռադիոալիքներո՞ւմ: Ո՞րն է մոտեցման «աղը», ռադիոընկերությունների եկամուտների ավելացո՞ւմը: Իսկ ի՞նչ կլիներ, եթե «վիճակախաղային գովազդը» ռադիոյով, օրինակ, ընդհանրապես արգելվեր, կամ թույլատրվեր բացառապես գիշերային ժամերին, ասենք՝ 02:00-ից 06:00-ի միջակայքում, ինչը ինքնին անիմաստ կդարձներ այդօրինակ գովազդը, դրա հեռարձակմամբ հանդերձ:

Մի կիսալավ նորություն՝ հատկապես ֆուտբոլասերների համար: Ընդունված փոփոխության համաձայն, մասնավորապես. «Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում սպորտային միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ»:

Օրենսդրերենից խոսակցական հայերեն փոխադրած՝ դա նշանակում է, որ այլևս ֆուտբոլային (և այլ մարզական միջոցառումներ) հանդիպումների հեռուստառեպորտաժների ժամանակ մեկնաբանները այլևս զահլա չեն տանի զանազան բուքմեյքեր-մուքմեյքերների մասին հիշեցումներով:

Ուզում ենք արդար հարկ սահմանել խաղատների և տոտալիզատորների համար. փոխնախարար

Չնայած, էլի անհասկանալի է կիսատ մոտեցումը: Նկատի ունենք այն, որ, օրինակ, ամենից շատ նայվող եվրոֆուտբոլային հանդիպումների առյուծի բաժինը մեր ժամային գոտում հեռարձակվում է ժամը 23:00-ից հետո, իսկ դրանք էլ ամենից գրավիչն են գովազդային առումով: Գուցե արժե՞ հաջորդ փոփոխության դեպքում մտածել մարզական միջոցառումների, ֆուտբոլային հանդիպումների ռեպորտաժներից այդ խաղամոլական գովասանքն ընդհանրապես արմատախիլ անելու, պարզ ասած՝ արգելելու մասին:

Հա՛, համացանցը. ըստ ընդունված փոփոխության, «վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդել վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին»:

Վատ չէ, բայց էլի քիչ է: Հատկապես, նման «խաղեր» կազմակերպող ընկերություններ կան, որ ամսվա ընթացքում շուրջ 10 միլիոն դրամ են դնում իրենց գովազդային «բաններներն» ամեն տեղ խցկելու համար, հատկապես՝ լրատվական կայքերի դեպքում: Դիտման մակերեսի մոտ 1/5-ը նմանօրինակ գովազդին թողնելը, միևնույն է, շատ է: Կարելի է ավելի նվազեցնել:

Ընդհանուր առմամբ, խաղամոլական «գովասանքը» նվազեցնելու՝ արդեն նաև օրենքով ամրագրված մոտեցումը ողջունելի է ու կարևոր, բայց դա քիչ է: Այս «բանկետը» շարունակություն է պահանջում: