Ռոբերտ Քոչարյանին վստահություն չեն ներշնչում դատավորի վերջին գործողությունները. պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը խոսել է դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու իր միջնորդության ու Ռոբերտ Քոչարյանի` դատարան ներկայանալ–չներկայանալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, այսօրվա դատական նիստին ներկա չի լինի։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Քոչարյանի և մյուսների դատական այսօրվա նիստը, որն ընթանում էր Վերաքննիչ քրեական դատարանում, հետաձգվեց, քանի որ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին գործով դատավոր Արմեն Դանիելյանին։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, որը կհրապարակվի ժամը 12։30–ին։ Քոչարյանը չէր մասնակցում նիստին։

«Քոչարյանն այսօրվա նիստին, հավանաբար, այդպես էլ ներկա չի լինի, քանի որ նախագահող դատավորի վերջին գործողությունները վստահություն չեն ներշնչում դատարանի հանդեպ։ Այնուամենայնիվ, եթե դատարանն անհրաժեշտ կհամարի Քոչարյանի ներկայությունը նիստին, նա կներկայանա դատարան»,–ասաց Խուդոյանը։

Անդրադառնալով այսօր դատավորի ինքնաբացարկի իր միջնորդությանը` Խուդոյանը նշեց, որ մեծ հավանականությամբ այս միջնորդությունը դատարանը ևս մերժելու է` հաշվի առնելով նախորդ միջնորդությունների փորձը։

«Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու». Դավթյանը մեկնաբանեց Քոչարյանի ասածը

Հիշեցնենք, որ երեկ դատավորն ինքնաբացարկի միջնորդությունները կրկին մերժեց։ Դանիելյանին մինչ այս էլ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությանը միացել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Դանիելյանը մերժել էր բոլոր միջնորդությունները։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: