Քոչարյանի գործով դատավորը «չի հանձնվում». նա կրկին մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր դիմում են ներկայացրել դատավորին ու դատախազին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին նա հայտնեց այսօր վերաքննիչ քրեական դատարանում կայացած դատական նիստի ժամանակ։

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Վահե Գրիգորյանի ընտրվելը Քոչարյանի` ՍԴ ուղարկած գործի վրա

Քոչարյանը, ինչպես հայտնել էին պաշտպանները, ներկա չէ դատական նիստին, քանի որ նպատակահարմար չի գտնում դրան մասնակցել։

Դատավորը հայտնեց, որ իրեն Քոչարյանի պաշտպանները նաև դիմում են տվել, ըստ որի` բարձրաձայնում են դատական նիստի ընթացակարգի հետ կապված մասնագիտական պարտականությունները կատարելու դժվարությունների մասին։ Նույն դիմումը կներկայացնեն նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրականում իրենց համար պարզ չէ նիստի ընթացակարգն ու իրենց իրավունքները և պարտականությունները։ «Սա առանձնահատուկ դատական նիստ է, քանի որ նախկինում նման պրոցեսներ չեն եղել։ Սա հաշվի առնելով` դատարանին խնդրում ենք պարզաբանել մեր իրավունքներն ու պարտականությունները»,–ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ավելի վաղ ասել էր, որ Արմեն Դանիելյանը փաստաբանների մոտ վարկանիշավորման առումով ամենացածր տեղում է։ «Փաստաբանները միշտ ասել են, որ նա եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր, երբևէ աչքի չի ընկել դիրքորոշումներով, որոնք կհակասեին դատախազության դիրքորոշումները։ Այսինքն` գործը հայտնվել է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորի մոտ»,– նշել էր նա։

Ռոբերտ Քոչարյանին վստահություն չեն ներշնչում դատավորի վերջին գործողությունները. պաշտպան

Հիշեցնենք, որ երեկ լարված մթնոլորտ էր Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ։

Գործով դատավոր Արմեն Դանիելյանը մի քանի նկատողություն արեց նրանց, ովքեր դատական նիստի ժամանակ խոսում էին։ Կրքերը լարվեցին նաև Քոչարյանի պաշտպանների և դատավորի միջև։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դատավորը, դիմելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին, ասաց, թե ինչ–որ հրճվելու բա՞ն է ասում, որ Ալումյանը ծիծաղում է։

Ալումյանի արձագանքը չուշացավ։ «Հրճվել բառն իմ նկատմամբ չկիրառեք, ես առաջին անգամ եմ ասում ու մեղմ եմ ասում այս մասին ձեզ։ Մյուս անգամ այսպես չեմ ասի, մյուս անգամ կոպիտ եմ ասելու»,–ասաց նա։

Դատավորը, նկատելով Ալումյանի վեր պարզած ցուցամատը, արձագանքեց. «Էդ ո՞ւմ վրա եք մատ թափ տալիս»։ Դրան հաջորդեց 10 րոպե ընդմիջումը, որպեսզի կրքերը հանդարտվեն։

Երեկ դատավորն ինքնաբացարկի միջնորդությունները կրկին մերժել էր։ Դանիելյանին մինչ այս էլ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությանը միացել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Դանիելյանը մերժել էր բոլոր միջնորդությունները։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: