ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը բերման ենթարկելու որոշում է կայացրել գործով վկա Սամվել Ասլանյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Factor.am–ը։
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։
Դատավորը հայտարարել է, որ վկան երկու անգամ ծանուցվել է, սակայն երկու անգամ էլ վերադարձվել է ծանուցումը՝ չծանուցված նշումով։
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ միջնորդել է փոխել ապացույցների հետազոտման կարգը և սկզբում հետազոտել գործում առկա ապացույցները՝ հաշվի առնելով, որ վկաներն արդեն երրորդ դատական նիստն է չեն ներկայանում։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 2-ին, ժամը 13:00-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007 թ. ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։