Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկի միջնորդությունները կրկին մերժեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ իր դեմ հարուցված քրգործով դատական նիստին, բայց եթե դատարանն անհրաժեշտություն գտնի, նա կներկայանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելայնը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի բոլոր միջնորդությունները։ Այս մասին նա հայտնեց այսօր վերաքննիչ քրեական դատարանում կայացած դատական նիստի ժամանակ։

«3 ինքնաբացարկի միջնորդություն կար իմ հանդեպ` Քոչարյանի պաշտպանների, Սեյրան Օհանյանի պաշտպանների, ինչպես նաև տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ինձ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները։ Երեք միջնորդություններն էլ որոշել եմ մերժել»,–ասաց դատավորը։

Նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, թե որն է նրա բացակայության պատճառը։ Ալումյանը նշեց, որ քրգործի ծավալն այնպիսին է, որ Քոչարյանի հերթն այսօր մինչև ժամը 18։00–ն հազիվ հասներ` ելույթ ունենալու առումով, այդ իսկ պատճառով էլ նա նախընտրել է այսօր դատական նիստին չներկայանալ։ Ալումյանը, դիմելով դատավորին, նշեց, որ Քոչարյանը, սակայն, իր միջոցով դատարանին իրազեկում է` եթե դատարանն անհրաժեշտություն գտնի, նա այսօր կներկայանա դատարան։

Քոչարյանի պաշտպանը Ջհանգիրյանի ասածների առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն

Հիշեցնենք, որ Դանիելյանին մինչ այս էլ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությանը միացել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Դանիելյանը մերժել էր բոլոր միջնորդությունները։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: