Չեխ նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համաձայնություն չի տվել. Հայկ Սարգսյան

Նարեկ Սարգսյանի եղբայրը դատարանում պատասխանեց լրագրողների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համաձայնություն առայժմ չի տվել։ Այսօր դատարանում այս մասին ասաց Նարեկ Սարգսյանի եղբայրը` Հայկ Սարգսյանը։

«Ինչքան գիտեմ, առայժմ համաձայնություն չկա», – ասաց Հայկ Սարգսյանը լրագրողներին։

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հունիսի սկզբին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

Դատախազությունը հաստատեց. Նարեկ Սարգսյանին արտահանձնելու որոշումը կայացվել է

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրան Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով:

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ արտահանձնման գործընթացը կարող է երկարել, քանի որ Նարեկ Սարգսյանն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել Պրահայի դատարանի որոշումը։