«Հայաստանին նայեք». աֆրոամերիկուհին հայերի մեջ տեսել է այն, ինչը չի երևում Երևանից

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է մի սևամորթ աշակերտուհու մասին, որը կարողացել է զգալ հայ ժողովրդի ամբողջ ցավը: Իսկ ո՞վ է այդ աշակերտուհին՝ Անժելիկա Թերհյունը:
Sputnik

Անժելիկա Թերհյուն: Սովորում է 12–րդ դասարանում, 18 տարեկան է: Անժելիկան սովորում է հայկական դպրոցում: Ծանոթությունը կայացել է իմ խնդրանքով, ԱՄՆ-ից վերադառնալուց երկու օր առաջ, այդ պատճառով էլ չի հաջողվել ինչպես հարկն է խոսել աղջկա հետ: Որոշ տեղեկություններ, ինչպես նաև դպրոցական շարադրությունը, որից հատվածներ են ներկայացված ստորև, տրամադրել է Անժելիկայի ուսուցչուհին՝ բարեհամբույր միսիս Քադրին: Հաշվի առնելով, որ միսիս Քադրիի վերաբերմունքը հիմնականում հանգում է «հիանալի աղջիկ է», «շատ լավ աշակերտուհի է» և նմանատիպ արտահայտությունների, անցնեմ բուն թեմային:

Ինչպես ռուսը հայտնվեց Ամերիկայում և հասկացավ, թե ինչու է իրեն պետք հայերենը

Դասարանին առաջարկել են շարադրություն գրել Հայոց ցեղասպանության մասին: Ծանոթանալով շարադրությանը` միսիս Քադրին որոշել է, որ կարդացած բոլոր շարադրություններից պետք է լավագույնը ճանաչել Անժելիկա Թերհյունի գրածը: Լիովին հնարավոր է, ինքս նրա համադասարանցիների շարադրությունները չեմ կարդացել:

Դպրոցում, որտեղ սովորում է Անժելիկան, ոչ հայերը շատ են` ուկրաինացիներ, ռուսներ, մեքսիկացիներ, լեհեր, քիչ չեն նաև սևամորթ աշակերտները. դա նպաստում է ժողովուրդների միջև փոխըմբռնմանը, բայց համապարփակ սիրո խնդիրը չի լուծում:

Հուզվել նրանից, որ սևամորթ աղջիկը հասկանում է, թե ընդհանրապես ինչ է ցեղասպանությունը, իսկ տվյալ դեպքում` հայերի, նշանակում է խախտել ամերիկյան ընկալմամբ քաղաքական կոռեկտությունը. իբր, աֆրոամերիկուհի է, բայց դատում է իսկական ամերիկուհու նման: Այ քեզ բան...

Մինչդեռ, պատմելով Հայոց ցեղասպանության մասին, աղջիկը հասկանում է նաև Ռուանդայում մարդկանց սպանությունների սարսափները, երբ խուտու ազգության ծայրահեղականները ոչնչացրել են ավելի քան կես միլիոն տուտսիների: Անժելիկան ի՞նչ ընդհանուր բան է գտել Թուրքիայում հայերի կոտորածների և Ռուանդայում մարդկանց զանգվածային ջարդերի մեջ:

«Այդ ցեղասպանությունների հետևում անսահման սարսափներ են և անմարդկային վերաբերմունք երեխաների նկատմամբ», – գրում է նա:

Ո՞վ է Տիգրանը, կամ ինչպես տաղանդավոր մասնագետներին բերենք Հայաստան

Եվ շարունակում է. «Երբ հետ հայացք եմ գցում կատարվածին, չեմ կարողանում հավատալ, դա անհնար է ցանկացած ազգի համար. անցնել այդ ամենի միջով և փրկվել: Բայց ոչ, դա այդպես չէ: Ամենուրեք ապացույցներ կան, որ Հայաստանը փրկվել է»:

Ես գտնում եմ դրանք, երբ նայում եմ քարտեզին և այնտեղ տեսնում «Արմենիա» բառը, որն արդեն ոչ ոք չի համարձակվի մաքրել: Հավերժ կենդանի Հայաստանի ապացույցն այն է, որ ամեն օր ես գնում եմ դպրոց, որը հիմնադրել են Ալեքս և Մարի Մանուկյանները: Ես լսում եմ Հայաստանի անմահության ապացույցը նաև այն ժամանակ, երբ երգում եմ. «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան...»:

Հայաստանի դրոշը նրա հպարտ խորհրդանիշն է: Հայաստանը միշտ կլինի: Եթե ձեզ ապացույց է պետք, որ ազգը կարող է անցնել ցեղասպանության միջով և փրկվել, նայեք Հայաստանին...»:

Չնայած թարգմանության անհարթությանը` արված ինքնահավան հեղինակի կողմից, Անժելիկա Թերհյունի վերաբերմունքը հասկանալի է:

«Հարցերը սիրո մասին էին, տղաների մոտ ամաչեցի». Երևան եկած սումգայիթցի աղջկա պատմությունը

Անհասկանալի է մեր վերաբերմունքը՝ ինքներս մեր նկատմամբ: Կարելի է ասել՝ բացառապես հայերից կազմված հասարակության մեջ սկսել է արմատավորվել ու զարգանալ ատելություն, «սևերի» և «սպիտակների» միջև բաժանումը սկսում է սպառնալից մասշտաբներ ընդունել և, եթե ինչ-որ մեկը հստակ գիտի, որ սա չի վերածվի տուտսիների և խուտուների միջև պատերազմի, ապա ես գլուխ եմ խոնարհում: Ավելի շատ ճշմարտության է նման այն, որ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ դեռ առջևում է, և այդ միտքը տագնապեցնում է:

Ազնավուրը, Պոզներն ու Մարո տոտան. ինչ կնախընտրեին հայերը` պառկե՞լ, թե՞ աշխատել

Այո, Հայաստանում դժգոհների թիվն ավելանում է, նրանք եղել են, կան և միշտ կլինեն, իսկ իշխանության խնդիրն է իր գործողություններով տեղափոխել նրանց համախոհների շարքերը: Այդ դեպքում Անժելիկա Թերհյունի դպրոցական շարադրությունից մի տողը` «Եթե ձեզ ապացույց է պետք, որ ազգը կարող է անցնել ցեղասպանության միջով և փրկվել, նայեք Հայաստանին...», յուրահատուկ իմաստ է ձեռք բերում:

…Այս ամառ Դետրոյթի դպրոցականները պատրաստվում են այցելել Հայաստան: Եվ եթե Երևանի փողոցներում հանդիպեք բարի, խելացի աչքերով սևամորթ աղջկա, ապա որպես գաղտնագիր ընդունեք դա: Եվ պատասխանեք նույն բարությամբ: Անժելիկան արժանի է դրան:

Հարցը մեր մեջ է...