Գոնե հասկանո՞ւմ եք` ինչ եք անում… «Իմ քայլի» պատգամավորը «չդիմացավ առերեսմանը»

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն արդեն հետ է վերցրել իր աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակավ վիրավորելը, բայց չի բացառվում, որ որոշ ժամանակ անց մի ուրիշ նախագիծ ներկայացվի։
Sputnik

Իշխանության տարբեր ոլորտների ու հարթակների ներկայացուցիչները չեն դադարում զարմացնել հասարակության ակտիվ ու քաղաքականապես բանիմաց հատվածին: Այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի հերթն էր: Նա, պարզվում է, նախագիծ էր կազմել, որով առաջարկում էր քրեականացնել իշխանության ցանկացած ներկայացուցչի հրապարակավ վիրավորելը:

Քննադատական ու, մեղմ ասած, սուր արձագանքները չուշացան: Արձագանքներն այնքան խիստ էին ու անողոք, որ հունիսի 13-ի երեկոյան տվյալ նախագծի պատմության մեջ արձանագրվեց. «Հեղինակը հետ է վերցրել»:

Արտակ Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով

Նկատենք, որ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Պ-1801-06.06.2019-ՊԻ-011/0» փաստաթղթային կոդով ԱԺ կայքում զետեղված նախագիծը ներկայացրել էր դեռևս օրեր առաջ, կոնկրետ՝ հունիսի 5-ին: Երևում է` ինչ-որ սևազգեստ հակահեղափոխականներ ԱԺ կայքում ոչ միայն նկատել էին այդ նախագիծը, այլև դրա բովանդակության մասին դավադրաբար որոշել էին հայտնել նաև հասարակությանը: Ու գնա՜ց…

Նախագծի հեղինակը, երկար-բարակ զանազան օրինակներ բերելով հիմնականում ոստիկանության աշխատակցին ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորելու, սպառնալու և խոչընդոտելու, ինչպես նաև նման արարքների համար նախատեսված վարչական և քրեական պատասխանատվության հետ կապված, առաջարկում էր, ըստ էության, քրեականացնել ընդհանրապես ամեն տեսակ իշխանավորների հրապարակավ վիրավորելը կամ խոչընդոտելը:

Այսպես, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն իր ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրել էր. «Օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ»:

Աշոտյանը կոչ է արել իշխանությանը չկտրվել իրականությունից և հիշեցրել է ՀՀԿ–ի դառը փորձը

Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը երկար տարիներ (2000-18թթ.) ծառայել է ոստիկանության համակարգում, իսկ 2013-18 թվականներին եղել է ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ և ՃՈ պետի տեղակալ: Թերևս այդ հանգամանքով է բացատրվում նրա կազմած նախագծի հիմնավորման մեջ ոստիկանության վերաբերյալ օրինակների և զուգահեռ դիտարկումների առատությունը:

Ինչ վերաբերում է բուն նյութին, ապա վիրավորանքն ու զրպարտությունը, ինչպես հայտնի է, տարիներ առաջ ապաքրեականացվեցին, ինչը եվրոպական կառույցների, նաև հիմա իշխանության եկած շրջանակների ցանկություններին էր համապատասխան: Հիմա, պարզվում է, նույն շրջանակների նեղ շրջանակում կան մտքեր ու մտադրություններ, որ քրեականացվի, օրինակ, իշխանության որևէ ներկայացուցչի հրապարակավ վիրավորելը՝ իր ծառայողական պարտականության հետ կապված:

Առհասարակ, վիրավորանքը պետք է մերժելի ու նաև պատժելի լինի, բոլոր քաղաքացիների դեպքում: Իշխանության ներկայացուցիչներն ինչո՞վ են առանձնահատուկ: Իրենք, ի՞նչ է, ավելի՞ հավասար են, քան բոլորը:

Մյուս կողմից, ի՞նչ իմանաս, թե իշխանավորներն ի՞նչը կմեկնաբանեն որպես իրենց վսեմաշուք անձին ուղղված վիրավորանք՝ ծառայողական պարտականությունների հետ կապված: Ասենք, եթե մեկը սոցցանցում գրի, որ այսինչ նախարարը անգրագետ է, իսկ այնինչ պատգամավորը՝ ցինիկ, ապա դա գնահատվելու է պետական գաղտնիքի բացահայտո՞ւմ, թե՞ վիրավորանք: Նման նախագծերով կարելի է միայն անձնիշխանություն հաստատել ու բռնապետություն, ուրիշ ոչինչ:

Աղքատներն էլ են ապրել ուզում. Աբովյանի ընտրությունները մեսիջ էին Փաշինյանին և Ծառուկյանին

Մի կարևոր հանգամանք էլ, որի վրա շատերն ուշադրություն դարձրին. եթե նման նախագիծ ընդունվեր, պետք էր պնդել, որ այն պարտադիր կարգով հետադարձ ուժ ունենա: Եվ այդ ժամանակ, կարելի է ասել, գործող կառավարության ճնշող մեծամասնությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ներառյալ «Իմ քայլը» խմբակցությունը՝ գրեթե ամբողջ կազմով, քրեական հետապնդման կենթարկվեին՝ «իշխանության ներկայացուցչին վիրավորելու» հիմքով:

Ոչ պակաս խիստ է արտահայտվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` Facebook–ի իր էջում մասնավորապես նշելով. «Գոնե հասկանո՞ւմ եք ինչ եք անում… Եվ հիմա, բոլոր այն գործիքները, քայլերը, որոնք հեղափոխության ժամանակ կիրառել է ներկայիս հեղափոխական իշխանությունը, եթե որևէ մեկի մտքով հանկարծ անցնի նման քայլեր անել, առաջարկվող նախագծով քրեորեն պատժվելու է։ Պարզ ասած՝ դատվելու է: …Ի վերջո, ստացվում է, որ իշխանության ներկայացուցչին չի կարելի վիրավորել, իսկ շարքային քաղաքացուն, փաստորեն, կարելի՞ է: Հա՞: Ասեմ, որ հեչ լավ չի ստացվում: Ես ուզում եմ մտածել, որ այս նախագիծը ոչ թե իշխանության քաղաքական որոշումն է, որի իրականացումը հանձնարարվել է մեկ պատգամավորի, այլ մեկ պատգամավորի անձնական նախաձեռնությունն է, որը ուղղակի ջախջախվելու է Վենետիկի հանձնաժողովի և միջազգային մյուս կառույցների կողմից: Էսպես դաժանորեն մսխել հանրային վստահությունը, ոչ մեկին, ոչ մի ժամանակում դեռ չէր հաջողվել»:

Երևի բոլոր կողմերից հնչող անողոք քննադատական մեկնաբանություններն, այնուամենայնիվ, ազդեցին, և երեկոյան արդեն հեղինակը հետ էր վերցրել նախագիծը։  Բայց ի՞նչ իմանաս, գուցե սա ընդամենը «փորձնական փուչիկ» էր, այսինքն՝ մի հատ հասարակության տրամադրությունների տնտղում, որից միառժամանակ անց, մեկ էլ տեսար, մի ուրիշ նախագիծ կկազմեն, որով արդեն իշխանության որևէ ներկայացուցչի ելույթի ժամանակ հազալը, փռշտալը, կամ իշխանավորի ելույթը հոտնկայս ծափահարություններով չողջունելը կորակվի որպես ծանր հանցագործություն, սևություն կամ նման մի բան, ենթակա ռետինե ծաղկավոր մահակներով դատափետման: