Քոչարյանը Փաշինյանի դեմ ներկայացրած իր հայցից կհրաժարվի. փաստաբանը հայտնեց` ինչ պայմանով

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած իր հայցը հետ կվերցնի, եթե պատասխանողը հայտարարի, որ Փաշինյանն իր արտահայտության մեջ նկատի չի ունեցել Քոչարյանին։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Քանաքեռ նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ ասաց դատարանում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

Քոչարյանը Փաշինյանի դեմ ներկայացրած իր հայցից կհրաժարվի. փաստաբանը հայտնեց` ինչ պայմանով

Ինչպես արդեն հայտնել էինք, հայցադիմումի պատճառը Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ արված հայտարարություններն են և պարզաբանումները՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքը. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»։

«Ես իմ վստահորդի դիրքորոշումը ճշտել եմ, և եթե պատասխանող կողմն աներկբա կհայտարարի, թե Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, մենք հայցը հետ կվերցնենք»,–ասաց Ալումյանը։

Դատարանում Փաշինյանի ներկայացուցիչ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշեց, որ այդ արտահայտությունը վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը, այլ ոչ թե Քոչարյանին։

Ի պատասխան Ալումյանն ասաց, որ իրենք հայցից կհրաժարվեն` միայն թե ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ մասին գրավոր ներկայացնեն դատարանին։

Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր համար սպասելի չէր նման լուծումը, և ինքը հաճելիորեն զարմացած է։

Դատավոր Լիլիթ Սարգսյանը կատակեց, թե դատարանը մտավախություն ունի, որ հայցվոր կողմն իր դիրքորոշումը կփոխի։ Դատավորը հավելեց նաև, որ այս դեպքում դատական նիստը պետք է հետաձգվի` հայցից հրաժարվելու դիմումը դատարանին գրավոր ներկայացնելու համար։ Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հունիսի 13–ին 14։00–ին։

Դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջով։

2018 թվականի հոկտեմբերին գործը մակագրվել էր դատավոր Լիլիթ Սարգսյանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ մեկնաբանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցը` նշելով, որ դա իր համար նորմալ երևույթ է։ «Վերջին 25 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինձ դատի են տալիս։ Աստված նրանց առողջություն տա ևս 25 տարի, որպեսզի նրանք կարողանան շարունակել դա», – ասել էր Փաշինյանը։

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով` Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։