Լևոն Օգանեզովը տոլմա եփել է սովորեցրել Մալիշևային ու խորհուրդ է տվել «Արցախ» օղի խմել

Դաշնակահարը տոլմա պատրաստելու վարպետության դաս է անցկացրել «Жить здорово» հաղորդման ստուդիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հանրահայտ դաշնակահար Լևոն Օգանեզովը Ելենա Մալիշևայի «Жить здорово» հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես է պետք «սուպեր տոլմա» եփել։

Մալիշևան խոստովանել է, որ մի ամբողջ հետազոտություն է անցկացրել, թե որ ազգն է բոլորից լավ ու բոլորից շատ տոլմա եփում, և արդյունքում հաղթել են հայերը։ Այդ պատճառով էլ հյուր են կանչել Լևոն Օգանեզովին, որը ստուդիայում է հայտնվել հայկական դրոշով գոգնոցով ու իր եփած հայկական տոլմայով։

«Տղամարդը պատրաստում է միսը, բայց տոլմա փաթաթելու համար հրավիրում են բարակ մատիկներով դուստրերին։ Չէ՞ որ դա ոսկերչական աշխատանք է», – պատմել է դաշնակահարը։

Նա պատմել է, որ հայկական բակերում տոլմայից երբեք նույն հոտը չի գալիս, քանի որ յուրաքանչյուր խոհարար ունի իր գաղտնի բաղադրիչը։ Օգանեզովն ասել է, որ օրինակ իր մայրը սիրել է տոլմայի և մածնի վրա դարչին ցանել։

Մալիշևան անհարմար հարց է տվել նրան, թե ով է ավելի համեղ տոլմա պատրաստում` մայրը, թե կինը, բայց դաշնակահարը ճարպկորեն խուսափել է` հայտարարելով, որ ավագ դուստրը շատ լավ է տոլմա եփում։

Օգանեզովը պատմել է, թե ինչով է զարմացրել Չելենտանոյին

Օգանեզովը խորհուրդ է տվել տոլմա եփելուց առաջ ոչ թե կոնյակ խմել, այլ տնական օղի, հետո շեշտել է` «Արցախ» օղի։

Երաժիշտը պարզաբանել է, որ այդ օղին պատրաստում են խաղողից, թթից, հոնից, դեղձից և ծիրանից։

Դաշնակահարը հաղորդման ընթացքում սովորեցրել է Մալիշևային տոլմա եփելու ճիշտ բաղադրատոմսը, իր խոհարարական գիտելիքներով զարմացրել ստուդիայի հյուրերին ու բոլորին հրավիրել Հայաստան։