ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Խորհուրդ կտամ ոստիկանությանը յուրովի չմեկնաբանել քրեադատավարական օրենսգիրքը»

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ կապված Խաչատուրովի սահմանահատման արգելքի հետ։
Sputnik
Պողոսյան. «Խորհուրդ կտամ ոստիկանությանը յուրովի չմեկնաբանել քրեադատավարական օրենսգիրքը»

«Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն, հայտարարել է ՀՀ ոստիկանությունը։ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ոստիկանության պարզաբանումը՝ կապված Խաչատուրովի սահմանահատման արգելքի հետ։

Ոստիկանությունը պարզաբանել է` ինչու Խաչատուրովին չեն թույլատրել դուրս գալ երկրից

«Ես խորհուրդ կտամ ոստիկանությանը՝ գործել օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում և անհիմն ու յուրովի չմեկնաբանել քրեադատավարական օրենսգիրքը»,-ասում է Խաչատուրովի փաստաբանը։

Միհրան Պողոսյանն արձանագրում է, որ տեղի է ունեցել պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների չարաշահում և այս մեկնաբանությունն, ըստ փաստաբանի, ուղղված է կոծկելու տեղի ունեցած չարաշահումները։

«Սկսենք նրանից, որ որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ սահմանահատումների արգելք դնել Յուրի Խաչատուրովի և ընդհանրապես ցանկացած անձի նկատմամբ, ում համար որպես խափանման միջոց է կիրառված գրավը, օրենսդրական որևէ հիմնավորում չկա»,-նշում է Պողոսյանը։

Նրա խոսքով, ոստիկանությունն իրեն լիազորություն է վերապահում մեկնաբանել դատարանի որոշումն, ինչն անընդունելի է: