ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթ պարզվեց, որ Google-ը որոշել է սատարել Huawei-ին, ռոբոտին նստեցրել են գրասենյակային աթոռին, իսկ քարտեզներն էլ կօգնեն վարորդներին, որպեսզի այլևս մեքենայի արագաչափից չօգտվեն: Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:
Գործատու ռոբոտը
Ռոբոտները քի՜չ–քի՜չ, բայց համառ քայլերով մարդկանցից խլում են աշխատատեղերը: Ծանր աշխատանք կատարող ռոբոտներով այսօր արդեն ոչ ոքի չես զարմացնի, բայց մեքենաները գրավում են նաև գրասենյակները: Ստոկհոլմի մոտ գտնվող Ուպլանդս Բրուի քաղաքային վարչությունը աշխատանքի է վերցրել... ռոբոտի: Նրանք, ովքեր կցանկանան աշխատել քաղաքապետարանում, ստիպված կլինեն հարցազրույց անցնել ռոբոտի մոտ: Իսկ ռոբոտի առաջնային խնդիրը կինի համացանցային նախագծերի համակարգողի հաստիքի թափուր տեղի համար հարմար թեկնածու գտնելը: Այս մասին հայտնում է thelocal.se-ն:
Ռոբոտ-զրուցավար Tengai-ին նախագծել են ստոկհոլմյան Արքայական ինստիտուտի ռոբոտատեխնիկայի մասնագետները՝ համագործակելով մի գործակալության հետ, որն աշխատակիցներ է փնտրում: Ռոբոտը հաշվի չի առնում թեկնածուի տարիքն ու սեռը, ուշադրություն չի դարձնում ընտանեկան կարգավիճակին և հոբբիին, որովհետև իր առջև մի խնդիր է դրված` գնահատել թեկնածուի պրակտիկ կարողությունները:
Ռոբոտը շատ արդյունավետ կլինի մեծ ընկերություններում և հեռահար աշխատանքի համար մարդկանց աշխատանքի ընդունելու համար: Փոքր ընկերություններում կարևորվում են թեկնածուի անձնական հատկանիշները, և այս հարցում Tengai-ն հարմար չէ, քանի որ նրան չեն հետաքրքրում կոլեկտիվում դիմորդի ինտեգրվելու հավանականությունն ու ընկերասեր լինելու հատկությունները:
Huawei-ն առանց Facebook-ի
Չինաստանի և Ամերիկայի միջև ընթացող տեխնոպատերազմը նոր երանգ է ստացել: Վերջերս ամերիկյան ընկերություններից շատերն իշխանության սահմանած պատժամիջոցների պատճառով հրաժարվել էին Huawei-ի հետ համագործակցելուց: Հիմա էլ հերթը հասել է Ցուկերբերգի թիմին: Այս մասին տեղեկանում ենք reuters-ից:
Facebook-ը պաշտոնապես արգելել է Huawei-ի նոր սմարթֆոններում նախապես բեռնել Facebook, Instagram և Whatsapp հավելվածները: Իսկ նրանք, ովքեր վաղուց ունեին Huawei կամ Honor սմարթֆոններ, այս խնդրին չեն բախվի:
Ինչպե՞ս է սրան արձագանքել Huawei-ը: Ոչ մի կերպ։ Քար լռություն: Նրանք առանց մի ծպտուն ասելու ինչ-որ թաքուն բաներ են անում, համացանցում են հայտնվում Huawei–ի նոր օպերացիոն համակարգի նկարները, կարճ ասած՝ ամեն բան անում են, որպեսզի պատվով դուրս գան այս իրավիճակից:
Google-ը՝ որպես արագաչափ
Google Maps ծառայությունը այսուհետ հնարավոր կլինի օգտագործել որպես արագաչափ և ոչ միայն: Հավելվածը, բացի արագությունը ցույց տալուց, զգուշացնելու է երթևեկության կանոնների խախտումների մասին: Ծառայությունն առայժմ հասանելի է միայն հավելվածի բետա-թեստավորողների մոտ: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Բացի դրանից, այն դեռ չի սպասարկում Android Auto ծառայությունը: Իրականում դա մեզ համար այդքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ Android Auto-ն մեր երկրում չի գործում:
Նշեմ, որ Հայաստանում կարող եք օգտվել Yandex-ի քարտեզներից, որոնք վաղուց կիրառում են Google-ում նորարարություն համարվող ֆունկցիան:
Իսկ եթե ընդհանրապես հրաժարվեք ճանապարհին գաջեթներից օգտվելու սովորույթից, ապա ձեր ճամփորդությունն ավելի անվտանգ կդառնա: 2019 թվականի ապրիլին կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երթևեկության ժամանակ գաջեթներից օգտվելը ավելի վտանգավոր է, քան հարբած ղեկին նստելը: Սմարթֆոնով տարված վարորդները 10%-ով ավելի հաճախ են շեղվում, դանդաղ են արգելակում և մեծ արագություն են հավաքում, ինչը կարող է ճանապարհային պատահարի պատճառ դառնալ:
Խնդրում են Huawei-ին հանել «սև ցուցակից»
Անընդհատ սպասում ենք նորությունների, թե ինչ է տեղի ունենալու ամերիկյան ընկերությունների և Huawei-ի միջև: Եվ ահա հերթական «բոմբը»: Ինչպես հայտնում է Business Insider-ը, Google-ի ներկայացուցիչները դիմել են ԱՄՆ-ի առևտրի նախարարությանը՝ խնդրելով, որ Huawei ընկերության նկատմամբ սահմանափակումները վերացնեն կամ հետաձգեն: Պատճառը, ամենայն հավանականությամբ, չինական ընկերության նոր հիբրիդային օպերացիոն համակարգն է:
Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ Google-ն առաջիններից էր արձագանքել ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին և հրաժարվել չինական ընկերության հետ համագործակցությունից: Հիմա Google-ը խնդրում է կառավարությանը հանել սահմանափակումները՝ մեկնաբանելով, որ Huawei-ի հետ համագործակցությունից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը, քանի որ որոնողական հսկայի կարծիքով` չինական ընկերության նոր օպերացիոն համակարգը Android-ի հիբրիդային տեսակն է, և հնարավոր է` այն շատ սխալներ ու բացեր պարունակի:
Google-ը պաշտոնապես մեկնաբանել է իր արարքը՝ ասելով, որ իր աշխատակիցների միակ նպատակը Huawei օգտագործող միլիոնավոր օգտատերերի անվտանգությունը պահպանելն է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։