Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

20–րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը` Արամ Խաչատրյանը, փառաբանությունների կարիք չունի, դրանք արդեն ասվել են։ Փոքր Հայաստանի մեծագույն կոմպոզիտորն իր ժողովրդին նվիրել է պետական օրհներգ և իր անսպառ հանճարը։
Sputnik

Շոստակովիչը և Գրիգորովիչը, Օյստրախը և Բլեքվուդը, Կոգանը և Բաբաջանյանը և անգամ այս շարքում անսպասելի Չե Գևարան, անշուշտ, կստորագրեին ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի խոսքերի տակ` ասված 2013թ–ին այն մասին, որ Խաչատրյանի անունը «այսուհետ Բեթհովենի, Բրամսի և Շոպենի անունների հետ կդասվի նույն շարքը»։ Կազմակերպությունը Խաչատրյանի կինոերաժշտությունը և ձեռագիր նոտաները ներառել է «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում։

Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

Բայց ամեն ինչ սկսվել է ոչ այդքան միանշանակ և կանխատեսելի։ Այո, ծնվելով 1903թ–ի հունիսի 6–ին աշխարհի ամենաերաժշտական քաղաքներից մեկում` Թիֆլիսում, Արամ Խաչատրյանը մանկուց շրջապատված է եղել երաժշտությամբ։ Հին Թբիլիսիի փողոցային երգերը թափանցել են նրա հոգու խորքեր, ամրացել ենթագիտակցության հիմքում, և խոսք չի գնացել այն մասին, որ կարող է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ. նրա հայրն ու մայրը երաժշտությունը մասնագիտություն չեն համարել: Միգուցե՝ հոբբի, բայց ոչ երաժշտությամբ տուն պահել. վույ մե, աստված մի արասցե։ Նույնիսկ կինտոն ավելի շատ կարող էր վաստակել։

Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

Ահա և ստացվել է, որ Արամ Իլյիչը ստիպված է եղել բեռնակիր աշխատել և կենսաբանություն ուսումնասիրել Մոսկվայի պետական համալսարանում։ Նա մինչև 19 տարեկան նոտաները չի իմացել, երբեք կենդանի կատարմամբ չի լսել սիմֆոնիկ նվագախմբի երաժշտություն և, բնականաբար, օպերայում չի եղել։ Բայց Մոսկվայում նա արագ ուշքի է եկել. նման մասշտաբի հանճարն անխուսափելիորեն դուրս կհորդեր, և նա ընդունվել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա։ Տարիներ անց Իրակլի Անդրոնիկովը կգրի Խաչատրյանի` բոլոր հնարավոր և անհնար մրցանակների, պարգևների և կոչումների դափնեկրի մասին:

«Եթե կարելի լիներ գրքում գործողություններ կատարելով հնչյուններով, նրա երաժշտությունից մեջբերել այն, ինչ մշտապես ապրում է հիշողության մեջ` միախառնվելով մեկ հավաքական հասկացության՝ Խաչատրյան կոմպոզիտորի մեջ։ Եվ Ջութակի կոնցերտի առաջին մասը, երբ նվագախումբը բարձր ազդարարում է սկիզբը, և գործի է անցնում աղեղը` պտույտներ կատարելով, ուրախ և թեթև պարելով, սինկոպաներով թռչկոտելով արգելքների վրայով։ Եվ Դաշնամուրի համար կոնցերտի երկրորդ մասում վրացական փողոցային երգի մոտիվը և երրորդ մասի պարային դրվագները, որոնք հիշողության մեջ արթնացնում են «Սուսերով պարը» և «Գայանեից» որոշ հատվածներ, միմյանց նման են այնքանով, որքանով իրար նման են լինում մի ժողովրդի ներկայացուցիչները։

Մաեստրոյի ծննդյան օրն արդեն 14-րդ անգամ յուրահատուկ է նշվում. մրցույթը մեկնարկեց

Եվ «Սպարտակի» երաժշտության հիասքանչ, հյութեղ պատկերները. զրնգուն ռիթմեր, սիրտը բերկրանքով լցնող շքեղ հնչողություններ։ Եվ Երկրորդ սիմֆոնիայի երրորդ մասի նուրբ–դառը թեման` ծնված երգից, որը տարիներ առաջ երգել է կոմպոզիտորի մայրը` թեքված պահարանի դարակների վրա, թեմա, որը էպիկական պատմություն է հյուսում հրդեհների, մարտերի և ողբի մասին` նախազգալով կուրացուցիչ հաղթանակը»։

Երաժշտական ուսումնարանում ուսումն ընթացել է կենսաբանության խորիմաստություններն ուսումնասիրելուն, աշխատելուն զուգահեռ։ Մի անգամ Ելիզավետա Ֆաբիանովնա Գնեսինան` սոլֆեջիոյի դասախոսն այլևս չի կարողացել նայել աշակերտի վնասված ձեռքերին (նա ալկոհոլի շշեր էր բարձում և բեռնաթափում) և բառացիորեն ստիպել է սկսել զբաղվել կրկնուսույցի գործով, որը թեև ավելի վատ էր վարձատրվում, քան բեռնակրի տաժանակիր աշխատանքը, բայց մատերը չէին վնասվում, և երաժշտությունը չէր տուժում։ Խաչատրյանը, որը լավ ձայն ուներ, կիրակի օրերին երգում էր հայկական եկեղեցու երգչախմբում` յուրաքանչյուր համերգի համար ստանալով 10 ռուբլի։

Խաչատրյանը ձգտում էր թավջութակահար դառնալ, այնքան էր պարապել, որ մի օր ձախ ձեռքի մատերը բռնվել էին։ Մինչ շարժողական գործառույթները վերականգնվեցին, Միխայիլ Գնեսինը, որը վաղուց էր մտածում նման առաջարկ անել, համոզեց Խաչատրյանին զբաղվել կոմպոզիցիայով։

Դա էլ դարձել է մեծ կոմպոզիտորի ճանապարհի սկիզբը. նա հեռացավ կենսաբանության ֆակուլտետից, մոռացավ գինու խանութի նկուղների մասին և լիովին ընկղմվեց իր համար նոր աշխարհ` սովորելով և զուգահեռաբար հորինելով երաժշտական ստեղծագործություններ։ Միխայիլ Ֆաբիանովիչը կարծում էր, որ դրանք հրապարակման պատրաստ ստեղծագործություններ են, և հենց ինքը սկսեց Խաչատրյանի առաջին պիեսները ներկայացնել հանրությանը։

Ինչպես է Արամ Խաչատրյանի երաժշտությունը «փրկել» ամերիկուհուն և օգնել հանձնել քննությունը

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խաչատրյանը` որպես ազգային արժեք, տարհանվել է Պերմ։ Նրան բնակեցրել են հյուրանոցի փոքր համարում: Բայց հասկանալով, որ մաեստրոյին դաշնամուր է պետք, նրան ավելի մեծ սենյակ են տրամադրել։ Բեռնակիրներն ամբողջ օրը չարչարվել են` փորձելով դաշնամուրը խցկել սենյակ, վերջապես մի կերպ կարողացել են, և Խաչատրյանն իսկույն նստել է դաշնամուրի մոտ։ Կես տարի անց գրվել է «Գայանե» բալետը և գործիքավորվել նվագախմբի համար։

Թվում էր, թե ինչ բալետ 1942թ–ի հուսահատ դեկտեմբերին։ Բայց Պերմում տեղի ունեցավ պրեմիերան. Լենինգրադի` նույնպես տարհանված Օպերայի և բալետի թատրոնի կատարմամբ. արտիստները պետք է ելույթ ունենային, որպեսզի հմտությունները չմոռանային, իսկ հանդիսատեսին անհրաժեշտ էր մոռանալ ռազմաճակատի մասին։ Նույնիսկ Պերմից հեռու գտնվող ճակատի մասին:

Խաչատրյանի ստեղծագործությունները ռեկորդային քանակությամբ Ստալինյան մրցանակներ են ստացել` երեք հատ, բայց 1948թ–ին անսպասելիորեն որոտացել է Քաղբյուրոյի որոշումը Վանո Մուրադելիի «Մեծ բարեկամություն» օպերային մասին։ Մի քանի կոմպոզիտորներ, ներառյալ Մուրադելին, Պրոկոֆևը, Շոստակովիչը և Խաչատրյանը մեղադրվել են «արվեստի նկատմամբ ֆորմալիստական մոտեցման մեջ»։

Արամ Իլյիչը սարսափել է թե՛ իր, թե՛ գործընկերների համար։ Նա անընդհատ կրկնում էր, որ այդ որոշման մեջ երկու անգամ է հիշատակվում. որպես «ֆորմալիստ» և որպես Կոմպոզիտորների միության կազմկոմիտեի ղեկավար։ Բարեբախտաբար, օդից կախված վտանգը շուտ վերացել է, շնորհազրկում չի եղել, իսկ 1950թ–ին արվեստի հետ կապված պաշտոնյաները, գիտակցելով սեփական սխալը, Խաչատրյանին շնորհել են Ստալինյան 4–րդ մրցանակը։

Ի դեպ, Արամ Խաչատրյանը դարձել է ԽՍՀՄ առաջին քաղաքացին, որն արժանացել է Հռոմի պապի ընդունելությանը։

Խաչատրյանը փորձում էր բաց չթողնել իր ստեղծագործությունների փորձերը և ներկայացումները։ Հատկապես դա վերաբերվում է «Սպարտակին»։ Արամ Իլյիչն առանձնացնում էր այդ բալետը մյուսներից։ Նա ներկա է եղել «Սպարտակի» բոլոր ներկայացումներին, և միայն դիրիժորներ Ռոժդենստվենսկին և Ժյուրայտիսն են հասկացել, որ կոմպոզիտորը գալիս է, որպեսզի շարունակի աշխատել երաժշտության վրա։

Օրհներգի կռիվ. արդյո՞ք ժողովուրդն ու ՀՀ կառավարությունը «կաջակցեն» Արամ Խաչատրյանին

Նրա համար շատ կարևոր էր, որպեսզի երաժշտությունն այնպես հնչեր, ինչպես ինքը` հեղինակը  զգացել է այն ստեղծելիս։ Հենց Ալգիս Ժյուրայտիսն է Մեծ թատրոնի նվագախմբի հետ ձայնագրել բալետի ամբողջական տարբերակը` դրա սկզբնական, հեղինակային եղանակով։

Պատմությունը նույն էր նաև Խաչատրյանի Երևան կատարած այցերի ժամանակ։ Ճիշտ է, երբ նա վերջին անգամ (ինչպես պարզվել է ավելի ուշ) է այստեղ դիտել «Սպարտակը», որի դիրիժորը Յակով Ոսկանյանն է եղել, ոչ մեծ անախորժություն է պատահել։

Արամ Իլյիչը չի նստել մինչև առաջին գործողության վերջ, դուրս է եկել դահլիճից, նրան սկսել են որոնել և գտել են օպերայի հարակից սրճարաններից մեկում՝ խիստ բարկացած։ Կոմպոզիտորը սարսափելի վրդովված է եղել. պարզվել է, որ նրա ստեղծագործությունը համարձակվել են կրճատել չորս տակտով։ Մաեստրոյի վիրավորանքն անցել է, բայց ոչ շուտ։

Նա սիրել է աշխատել գիշերները, և ինչ, որ Երևանի տոթ գիշերներին, երբ բոլորի պատուհանները բաց են և քիչ է մնում մի երկուսն էլ բացեն պատի մեջ, մարդկանց արթնացրել են երաժշտության հնչյունները։ Խաչատրյանն աշխատում էր, իսկ Երևանում բոլոր չքնողները հասկանում էին, որ իրենց բախտ է վիճակվել դառնալ հանճարի ստեղծագործելու ընթացքի ականատեսը։

Նման մի ամառային երեկո` դեռ 1940–ականներին, երբ նա ավարտել է նվագելը, անսպասելիորեն ներքևից ծափահարություններ է լսել. փողոցում բազմություն հավաքված եղել։

Այդ գիշեր Արամ Իլյիչն ավարտել էր աշխատանքը Հայկական ԽՍՀ պետական օրհներգի վրա և կատարելիս է եղել դրա վերջնական տարբերակը։