Երևանի դպրոցներում նոր կանոններ կգործեն. կհսկվեն հաճախումները և ոչ միայն

Երևանում դպրոցականների համար նոր ուսումնական տարին կսկսվի անակնկալներից։ Նորամուծությունը կտարածվի մայրաքաղաքի 30 դպրոցներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի քաղաքապետարանը նոր համակարգ է նախաձեռնել մայրաքաղաքի դպրոցներում` հաճախումները վերահսկելու և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Համակարգն առայժմ մշակման փուլում է և կներդրվի նոր ուսումնական տարում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Կավ էիր՝ կուժ դարձիր. ինչպես միջազգայնագետը սիրահարվեց բրուտագործությանն ու հղկվեց կավով

Նորամուծության համաձայն` դպրոցականներին կբաժանվեն պլաստիկ քարտեր, որոնք կարձանագրեն դպրոցի շենք մտնելու և շենքից դուրս գալու ժամանակը։ Ծնողները նույնպես կարող են ցանկության դեպքում տեղեկություն ստանալ, որ իրենց երեխան դուրս է եկել դպրոցից։

«Նպատակը դպրոցներում անվտանգության մակարդակը բարձրացնելն է։ Քարտերն անվճար կտրամադրվեն։ Տվյալ պահին մենք խորհրդատվություններ ենք անցկացնում դպրոցների տնօրենների, կրթության, արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ` օպտիմալ մոդել մշակելու, թեր և դեմ կողմերն ու ռիսկերը հաշվի առնելու համար», – ասաց Կարապետյանը։

Համակարգի գործունեության մանրամասներն ավելի ուշ հայտնի կդառնան, քանի դեռ այն գտնվում է մշակման փուլում։ Հարցին, թե համակարգը երբ կսկսի գործել, Կարապետյանը պատասխանեց` նոր ուսումնական տարում, բայց ստույգ ժամկետն առայժմ հայտն չէ։

Ի՞նչ խնդիրեր ենք լուծում ներառական կրթությամբ. 3 մարզում անցկացվել է հետազոտություն

Նման համակարգ ներմուծելու նորությունը լուրջ իրարանցում է առաջացրել ինչպես ծնողների, այնպես էլ դպրոցների տնօրենների շրջանում։ Գաղափարը ոմանց փայլուն է թվացել, մյուսներին` անիմաստ։

«Տարրական դասարաններում դա անիմաստ է, քանի որ ամեն դեպքում մենք` ծնողներս ենք երեխաներին տանում դպրոց և վերցնում այնտեղից», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մի ծնող` Անին։

Նրա հետ համակարծիք չեն ավագ դասարանների աշակերտների ծնողները` համարելով, որ համակարգը կօգնի ավելի հանգիստ լինել դպրոցի անվտանգության համար։ Առանց քարտի ոչ բոլորը կարող են մտնել կրթական հաստատություն։ Միակ բանը, որն անհանգստացնում է ավագ դասարանների ծնողներին, այն է, թե ինչպիսի միջոցներ կձեռնարկվեն, եթե երեխան հանկարծ քարտը մոռանա տանը։

Դպրոցներից մեկի տնօրենը, որտեղ պետք է ներդնեն այդ համակարգը, դժվարացավ պատասխանել հարցին` անցաքարտերն արդյունավետ կլինեն, թե ոչ։ «Կներդնեն, այդ ժամանակ էլ կգնահատենք», – ասաց նա։

Միաժամանակ կենտրոնում գտնվող մեկ այլ դպրոցի տնօրեն, հակառակը, նշեց, որ կողմ է այդ նախաձեռնությանը։

Կոշտ օճառը՝ արվեստի համար, հեղուկը՝ լոգարանի, կամ օճառե քանդակների տիրուհին

«Ես վաղուց էի երազում, որ Հայաստանում նման համակարգ ներմուծվի։ Տեսել եմ շատ երկրներում և միշտ մտածում էի, որ լավ կլիներ, եթե մեզ մոտ էլ նման բան ներդնեն», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տնօրենը։

Նա վստահ է, որ դա կնպաստի աշակերտների կարգապահությանը և իսկապես դպրոցներում կբարձրացնի անվտանգության մակարդակը։ Նրա կարծիքով` ծնողները երբեմն չգիտեն, որ իրենց երեխաները փախչում են վերջին դասերից, և համակարգը կարող է լուծել այդ խնդիրը։

Ծնողները ցանկության դեպքում կկարողանան ծանուցում ստանալ, և դա կհեշտացնի ոչ միայն իրենց, այլ նաև դպրոցի ղեկավարության կյանքը։

«Իսկ այն հարցը, թե ինչ կլինի, եթե երեխան կորցնի քարտը, պետք է լուծվի, ներդրվի այլընտրանքային տարբերակ։ Սակայն դա չպետք է սովորություն դառնա։ Ի դեպ, այդ միջոցը կօգնի երեխաների մոտ զարգացնել պատասխանատվության և կարգապահության զգացմունք», – ասաց նա։

Համակարգը նաև թույլ կտա գրիպի կամ այլ համաճարակների բռնկումների ժամանակ առողջապահության նախարարությանը հստակ և օպերատիվ տվյալներ տրամադրել դպրոցներում հաճախելիության քանակի մասին։

Տնօրենի խոսքով` միակ բացասական կողմն այն է, որ համակարգը կներդվի ոչ բոլոր դպրոցներում, այլ միայն այնտեղ, որտեղ շատ են աշակերտները։