Նարեկ Սարգսյանն այդքան շուտ Հայաստան չի գա. Զեյնալյանը հիշեցնում է նրա իրավունքների մասին

Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին կարող է Չեխիայում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառել այդ երկրի բոլոր դատական ատյանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձնումը տեղի է ունենում օրենքով նախատեսված ժամկետներում։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Հանձնումն իրականացվում է միջազգային պայմանագրի շրջանակներում, և, կարծում եմ` այն ընթացակարգերը, որոնք տեղի են ունեցել, այդ ժամանակից ավելի վաղ հնարավոր չէր իրականացնել։ Գիտեք` դատավարական ժամկետներ կան»,–ասում է նախարարը։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը

Այդուհանդերձ, արտահանձնման գործընթացը, Զեյնալյանի խոսքով, կարող է նույնիսկ ավելի երկարել, քանի որ Նարեկ Սարգսյանը կարող է նաև բողոքարկել Պրահայի դատարանի որոշումը։

Նշենք, որ ըստ չեխական լրատվամիջոցների, Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:

Օսիպյանը հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին զանգել է իրեն

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Սերժ Սարգսյանի եղբոր գույքը կմնա կալանքի տակ

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրան Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով:

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է Սերժ Սարգսյանի եղբորորդուն Չեխիայում ապաստան տալու հարցին