Պրահայի դատարանը հնարավոր է համարել Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնումը Հայաստան

Չեխական կայքը հայտնում է, որ դատարանը որոշել է Նարեկ Սարգսյանին արտահանձնել, բայց Հայաստանի դատախազությունն առայժմ չի մեկնաբանում այդ տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Ինչպես հայտնում է չեխական Tyden.cz կայքը, այս մասին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին:

«Դատարանը հնարավոր է համարում Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան»,- ասել է նա:

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:

Հայաստանի դատախազությունն առայժմ չի մեկնաբանում Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված լուրը` նշելով, որ այս պահին նման տեղեկություններ չունեն։

Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո

Դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստացավ տեղեկություններ ստանալու դեպքում հայտնել օրվա ընթացքում։

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրան Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով:

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: