Բարեփոխում պետք է, վեթինգ` ոչ. արդարադատության նախարարը չլսեց Հանրային խորհրդի կարծիքը

Արդարադատության նախարարը չեկավ Հանրային խորհրդի հետ հանդիպմանը։ Խորհրդի նախագահը քննադատեց իշխանության հայտարարած վեթինգն ու անցումային արդարադատությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դատական համակարգի բարեփոխումներին կողմ է, բայց ոչ անցումային արդարադատության ու վեթինգի տարբերակով։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Մանուկյանը`հավելելով, որ այդ երկու մեթոդներում ինքը նույնիսկ վտանգ է տեսնում։

«Վտանգն այն է, որ այդ պրոցեսի ժամանակ կարող է խախտվել դատարանների անկախությունը։ Ես չեմ ասում, որ մեր դատարաններն անկախ են, բայց անկախության ինչ–որ աստիճան ունեն։ Այդ աստիճանն էլ կարող է նվազել։ Այսինքն` քաղաքական ուժը իշխող կդառնա դատական համակարգի վրա»,– ասաց Մանուկյանը։

Նա առաջարկում է համակարգի կոռուպցիայի դեմ պայքարել ՀՀ օրենսդրությամբ ու միջազգային կոնվենցիաներով նախատեսված միջոցներով։

Եթե պետք լինի, ԱԱԾ–ն ու ծառայության ղեկավարն էլ վեթինգի կենթարկվեն

«Այն տպավորությունն է, որ ինչ–որ պատահական ձևով իշխանության մեջ հավաքված էին անազնիվ մարդիկ, և եթե մենք նրանց դուրս շպրտենք, բերենք ազնիվ մարդիկ, ամեն ինչ լավ կլինի։ Սխալ է։ Որովհետև ամբողջ աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ համակարգային փոփոխություններով կարելի է կոռուպցիայի դեմ պայքարել, պատժել»,– ասաց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է վեթինգին, Մանուկյանը կարծում է, որ դրա հետևանքները ևս կարող են անդառնալի լինել։ «Վեթինգն անում են այն դեպքերում, երբ դու տոտալիտար համակարգից անցնում ես դեմոկրատական համակարգ, ֆաշիզմից անցնում ես դեմոկրատականի, կոմունիզմից` դեմոկրատականի, կամ Աֆրիկայում կան ռազմական դիկտատուրաներ, դրանցից անցում ես դեմոկրատականի։ Կարևորագույն կազմակերպությունները երբևէ չեն նշել, որ Հայաստանը բռնապետություն է, չեն նշել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»,– ասաց Վազգեն Մանուկյանը։

Մինչդեռ վեթինգի դիմելով` Հայաստանը, նրա համոզմամբ, ի լուր աշխարհի կհայտարարի, որ մեր երկրում տիրել է բռնապետությունը, և միայն հիմա է վերածվում դեմոկրատականի։

Ի՞նչ կտա վեթինգը Հայաստանին. ո՞ւր է տանում դատական բարեփոխման ուղին

Այս խնդիրների ու դատական համակարգում սպասվող փոփոխությունների թեմայով Հանրային խորհուրդն այսօր քննարկման էր հրավիրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Նախանշված քննարկումը, սակայն, տապալվեց. Նախարարը հանդիպման չեկավ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ առաջարկեց առանց Զեյնալյանի հարցը չքննարկել, այլ հանդիպումը հետաձգել մեկ շաբաթով, մինչև նախարարը կկարողանա մասնակցել քննարկմանը։

Հիշեցնենք` մայիսի 17–ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։

Դատավորների «վեթինգ» ՀՀ–ում. ի՞նչ է մտածել Փաշինյանը, նպատակը կարդարացնի՞ միջոցները

Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակը եկել է. այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։

Մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց։