Ոչ թե օգնել, այլ ներգրավվել գործընթացներում. Փաշինյանի առաջարկը` ԵԽ–ին

Փաշինյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցչի հետ ու քննարկել ՀՀ դատաիրավական համակարգում ակնկալվող փոփոխությունների հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով, ի տարբերություն կառավարության և խորհրդարանի, դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ»,-ասել է Փաշինյանը` ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Ջակումոպուլոսի հետ աշխատանքային նախաճաշի ընթացքում։

Կողմ եմ դատական համակարգի բարելավմանը, բայց կտրականապես դեմ եմ այս մեթոդներին. Ռշտունի

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ կառավարությանը կհաջողվի միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ:

Խրիստոս Ջակումոպուլոսը վերահաստատել է ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին։ «Եվրոպայի խորհուրդը պատրաստ է բարեփոխումների գործընթացում սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ ` ներդնելով ԵԽ ամբողջ փորձագիտական ներուժը»,–ասել է նա։

Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության այցը տեղի է ունենում ՀՀ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների առնչությամբ մայիսի 22-ին Փաշինյանի ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

Այս հանդիպումից հետո վարչապետը մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի Հայաստանում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը մայիսի 30-ին արձակուրդ մեկնելու որոշում է ստորագրել։