ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՏՏ ոլորտի զարգացումը իր հետ բերում է ինչպես կիբեռսպառնալիքների թվաքանակի, այնպես էլ դրա տեսակների ավելացում։ Այդ վտանգներին հակազդելու համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ։
Այս մասին «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» գործնական կոնֆերանսի ընթացքում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում «Կասպերսկի լաբորատորիայի» ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Նրա խոսքով` պետք է տարանջատել կորպորատիվ կիբերանվտանգությունը անհատականից։ Առաջինի դեպքում ամեն ինչ համեմատաբար ավելի բարեհաջող է։ Ընկերություններն ու հաստատություններն իրենց ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների սահմաններում ընդհանուր առմամբ հաջողությամբ պաշտպանվում են հաքերների տարատեսակ հարձակումներից և իրենց տվյալների գողությունից։ Նրանք լավ ՏՏ–մասնագետներ ունեն։ Փորձը ցույց է տալիս, որ վիրուսներից պաշտպանվածությունն ապահովելու համար միջոցների խնայողությունը հետագայում հանգեցնում է այդ միջոցները բազմակի անգամ գերազանցող ծախսերի, որոնք օգնում ենք փոխհատուցել չարագործների պատճառած վնասը։
«Հաքերների մեկ հաջողակ գործողությունը հաճախ կարող է ընկերությանը ֆինանսական մեծ վնաս հասցնել։ Պետք է միջոցներ չխնայել անվտանգության մակարդակի բարձրացման համար և մշտապես բարձրացնել աշխատակիցների գրագիտությունը անվտանգության առումով», – նշեց Կարապետյանը։
«Կասպերսկի լաբորատորիան» այսօր ունի հնարավոր բոլոր գործիքներն ու մեխանիզմները հաքերային հարձակումներից և տարատեսակ վիրուսներից պաշտպանվելու համար։ Այդ գործիքների օգտագործումը գրեթե կբացառի ցանկացած սպառնալիք, վստահեցրեց ընկերության ներկայացուցիչը։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես կարծում է Կարապետյանը, անվտանգության առումով առանցքային նշանակություն ունի մարդկային գործոնը։ Շարքային աշխատակցի ցանկացած անզգույշ գործողություն, օրինակ վարակված կրիչի օգտագործումը կարող է պարալիզացնել ողջ ընկերության աշխատանքը։
Փոքր ինչ ավելի բարդ է անհատական կիբերանվտանգության հարցը։ Ընկերության ներկայացուցչի կարծիքով, ՀՀ շարքային քաղաքացին երբեմն տեղեկացվածության շատ ցածր մակարդակ ունի` հավանական ռիսկերի և կիբերսպառնալիքների մասին։ Հաճախ նրանք միևնույն գաղտաբառն օգտագործում են և՛ սոցցանցերում բացած էջերի և՛ էլ. փոստի համար։
«Պետք է քաղաքացիների մոտ բարելավել «թվային հիգիենան», բարձրացնել կրթվածության մակարդակը և հետ սովորեցնել նրանց ավելորդ անհոգությունից։ Պետք է հասկանալ, որ օգտատերերի ցանկացած տվյալներ` նրանց լուսանկարները, հասցեները, ստորագրությունները, կարող են օգտագործվել չարագործների կողմից», – ասում է Կարապետյանը։
Ինչ վերաբերում է հարձակումների աշխարհագրությանը, ապա համացանցը սահմաններ չունի, և հաքերային հարձակումներ պետք է սպասել ոչ միայն Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրներից։ Թիրախը կարող են դառնալ բուժհաստատությունները, բիզնես–կառույցները, բանկերը, ուսումնական հաստատությունները։
«Անկասկած, աշխարհաքաղաքական գործոնը միշտ կարևոր նշանակություն ունեցել և ունենալու է կիբեռսպառնալիքների ծագման առումով։ Չարագործներին երեք բան է հարկավոր. գումար, տեղեկություն, որը հետագայում կոնվերտացվելու է գումարի, և սաբոտաժ», – նշեց նա։
Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ հաքերային հարձակումների կազմակերպումը շատ էժան զբաղմունք է դարձել. մարդիկ չնչին գումարով նույն DarkNet–ում կարող են ձեռք բերել ծրագիր, որը թույլ կտա գործարկել վիրուս և դրա օգնությամբ գումար աշխատել։
«Կասպերսկի լաբորատորիայի» ներկայացուցչի հիմնական խորհուրդները հետևյալն են. աջ ու ձախ չտարածել անձնական տվյալները, բարդ գաղտնաբառեր օգտագործել, չօգտագործել նույն գաղտնաբառը մի քանի էջերի և էլեկտրոնային հասցեների համար, կիրառել բացառապես արտոնագրված և հակավիրուսային ծրագրեր։