ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Կոտայքի մարզում գտնվող 2 կիսավեր հուշարձանների վերականգնման համար կառավարությունն այսօր ավելի քան 9 մլն դրամ գումար հատկացնելու որոշում կայացրեց։ Նախագծի հեղինակ մշակույթի նախարարությունն առաջարկում է այդ գումարով վերականգնել տարիներ շարունակ անուշադրության մատված «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» քանդակները։
«Դրանց վիճակն այսօր աղետալի է– նախագիծը ներկայացնելիս ասաց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը,–դրանք տարիներ շարունակ բարձիթողի են եղել, դրանց վրա բնակլիմայական պայմաններն են ազդել, բացի այդ ենթարկվել են կողոպուտի, այսինքն` մշակութային վանդալիզմի։ Քանդակների մեծ հատվածները կրկնակի գողացվել են, հետո հետ են բերվել։ Մի խոսքով, այսօր այդ քանդակները վերականգնման կարիք ունեն»։
Ղարիբյանի խոսքով` երկու քանդակն էլ այսօր տեղափոխվել են հատուկ տարածք` Նկարիչների միության գեղարվեստի կոմբինատ` մասնագիտական փորձաքննություն իրականացնելու ու վերականգնման նախագծահաշվարկային փաստաթղթեր կազմելու համար։
Անդրադառնալով առաջարկին` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ում պետք է վերականգնվեն ստեղծարար կյանքի բոլոր խորհրդանիշները։
«Ամեն անգամ, երբ ես անցնում եմ այդ ճանապարհով ու Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, որը մեր պրոբլեմների սիմվոլն է, և մենք պետք է այն անպայման վերականգնենք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ վերականգնումից զատ, կարևոր է նաև պահպանությունը։ Ուստի վարչապետն առաջարկեց արձաններն իրենց նախկին տեղում տեղադրելուց հետո դրանց մոտ ոստիկանության պահակակետ սահմանել։
Փաշինյանը հիշեց նաև խորհրդային տարիների ավտոբուսային կանգառները, որոնցից շատերը, նրա խոսքով, մշակութային արժեք ներկայացնող կառույցներ են։
Վարչապետը չբացառեց, որ վերականգնվելու դեպքում դրանք ևս կարող են զբոսաշրջության տեսակետից հետաքրքրություն ներկայացնել։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ նշեց, որ Երևանում տեղադրված Մյասնիկյանի արձանը ևս աղետալի վիճակում է, այն կարող է ամեն պահի քանդվել։
Փաշինյանն էլ հիշեց, որ Վարդանյանների վերանորոգած այգու բացման օրը ինքը ևս ուշադրություն է դարձրել այդ արձանին և իմացել, որ Վարդանյաններն առաջարկել են այն ևս վերանորոգել, բայց մերժում են ստացել` հիմնավորմամբ, որ այն մշակութային արժեք է։
«Ես ասացի, որ այդ վայրը շատ մարդաշատ է դառնալու ու շատ վտանգավոր է, որովհետև ամեն պահի քարերը կարող են ընկնել։ Ու մի քանի օր հետո ես անցնում եմ ու ի՞նչ եմ տեսնում։ Բերել են այդ արձանը ժապավեններով փաթաթել են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ժապավենն իր տեսքով Վարդանյանների 5 մլն դոլարի ներդրումը դարձնում է զրո։
Վարչապետն անդրադարձավ նաև այգու կոտրված արձանին։ Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը հայտնեց, որ իրավապահները փորձում են պարզել, թե ով է եղել ջարդողը։ Նրա խոսքով` անձը երևում է տեսախցիկների նկարահանումներում։
«Եթե մարդը տեսախցիկով երևում է ու երկու օր չենք կարողանում հայտնաբերել, բա որ չերևա, քանի՞ օր չենք կարողանա հայտնաբերել»,– ասաց Փաշինյանը
Նա հրահանգեց արագ հայտնաբերել արձանը կոտրողին։