ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Մասնագետները, թեստերի հարցերի քանակն ընտրելիս, հաշվի են առել փաստը, որ 4–րդ դասարանցիների համար նախատեսված քննության ժամանակը կրճատվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգման համակարգը կրկին թեստային է դարձել, սակայն թեստի համար նախատեսված նախկին` 90 րոպեի փոխարեն այժմ աշակերտներին կհատկացվի 60 րոպե։ 4–րդցիների ծնողները մեզ հետ զրույցում իրենց մտահոգությունն էին հայտնել, որ երեխաները չեն հասցնի լրացնել թեստը։
«Թեստերը հեշտացվել են ու դարձել ավելի հեշտ հաղթահարելի։ Օրինակ` կրճատվել է առաջադրանքների թիվը` 14 հասնելով 10–ի, բացի այդ, տեքստերի բառերն են կրճատվել»,–ասաց Գրիգորյանը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թելադրությունից թեստ անցումը ոչ ճիշտ, ոչ սխալ է, քանի որ ինքը կուզեր գիտելիքի ստուգման մի համակարգ լիներ, որը բազմակողմնակի կստուգեր աշակերտների գիտելիքների պաշարը։
«Թեստն իր առավելություններն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս շատ ավելի արագ և օբյեկտիվ ստուգել նրանց գիտելիքները, մինչդեռ` փոխադրության դեպքում կարող է սուբյեկտիվ մոտեցում լինել։ Քանի որ կիսամյակային գրավորները կամ ընթացիկ ստուգումները թեստի միջոցով են անցկացվում, ծնողներն էլ բողոքում էին, թե ինչու պետք է տարեվերջին երեխաները թելադրություն կամ փոխադրություն գրեն»,–ասաց նա։
Մյուս կողմից, ըստ կրթության փորձագետի, թելադրությունն ու փոխադրությունն էլ արժեքավոր գործիքներ են, որոնք պետք է օգտագործել։
Նա նշեց, որ դեմ է քննությունների ձևի` անընդհատ փոփոխմանը, քանի որ աշակերտներն այդպիսով ցնցման են ենթարկվում։ Նրա գնահատմամբ` կրթության մեջ կան փոփոխություններ, որ ոտքի վրա են արվում։
Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին 4–րդ դասարանցիները թելադրություն են գրել` որպես «Մայրենիի» գիտելիքների ստուգում, որի համար նախատեսված է եղել 60 րոպե։ Իսկ մինչ այդ, երբ թելադրության փոխարեն թեստ են հանձնել, աշակերտներին հատկացվել է 90 րոպե։ Այսինքն` թեստից թելադրության անցում կատարելիս քննության ժամանակը կրճատվել է 30 րոպեով։
Ի դեպ, 4–րդ դասարանցիները «Մայրենիից» քննություն կհանձնեն հունիսի 3-ին, իսկ «Մաթեմատիկայից» ` հունիսի 5-ին։