«Լոխ լավ ա» երգի տեսահոլովակը զի՛լ է. Արցախը պատրաստ է Conifa–ի առաջնությանը

Արցախում հիմնովին են նախապատրաստվել չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարի պաշտոնական երգը, որ կոչվում է «Լոխ լավ ա», դրա վառ ապացույցն է։ «Արցախի ձայների» կատարմամբ հնչող երգի տեսահոլովակն ուղղակի զի՛լ է: Դիտեք ինքներդ, թեև նախապես զգուշացնում ենք` հաստատ երկրորդ անգամ դիտելու ցանկություն եք ունենալու:
Sputnik

Արցախում հունիսի 1-ին մեկնարկող միջոցառումը CONIFA-ի (չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միավորում) շրջանակում անցկացվող Եվրոպայի արդեն երրորդ առաջնությունն է, որին մասնակցելու են 12 թիմ, չորս ենթախմբով, յուրաքանչյուրում՝ 3 հավաքական:

Երիտասարդներն Արցախի բարբառով երգ են ձայնագրել Conifa Արցախ մրցաշարին ընդառաջ. տեսանյութ

Արցախն արդեն պատրաստ է ու սպասում է միջոցառման մասնակիցներին ու ֆուտբոլի երկրպագուներին։ Դա երևում է նաև այն բանից, թե ինչ ստեղծագործական նախանձախնդրություն է դրսևորվել մրցաշարի պաշտոնական երգի ու տեսահոլովակի հարցերում: Անկեղծ ասած, նման երգ ու ընդգրկուն, Արցախի նկարագիրը, մանրամասնություններով հանդերձ արտացոլող, բայցև միաժամանակ այդ ամենը ֆուտբոլին ու կոնկրետ մրցաշարին շաղկապող տեսահոլովակ անգամ ճանաչված երկրների ոչ բոլոր ԵՎՐՈ-առաջնությունների համար են ստեղծվում:

Հատկանշական է, որ մրցումներն անցկացվելու են ոչ միայն Ստեփանակերտում, այլև Արցախի երեք այլ քաղաքներում: Գավաթի խաղարկության կազմկոմիտեն հավաստիացնում է, որ ինչպես Ստեփանակերտը, այնպես էլ մյուս երեք քաղաքներն ու մրցավայրերը լիովին պատրաստ են «Conifa-Artsakh» («Կոնիֆա-Արցախ») մրցաշարին: Նշենք, որ մրցաշարի եզրափակիչը տեղի է ունենալու հունիսի 9-ին:

Իսկ ինչ վերաբերում է «ավելի մեծ» ֆուտբոլին, ապա մեկնումեկը երևի ՈՒԵՖԱ-ին կհուշի, որ եվրագավաթային եզրափակիչները արժե անցկացնել այն երկրում, որտեղ սիրում են ֆուտբոլ և հյուրընկալ են` ի տարբերություն, օրինակ, հարևանությամբ գտնվող երկրի: