Մեծ ճգնաժամ չի եղել. ՀՀ–ում Ղազախստանի դեսպանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը մեկնաբանել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀԱՊԿ–ում գլխավոր քարտուղարին փոխելու հարցում մեծ ճգնաժամ չի եղել։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը։

Հայաստանին ՀԱՊԿ-ում լրացուցիչ խմորումներ պետք չեն. Փաշինյանին կընդունե՞ն «ակումբ»

Մայիսի 22–ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը նեղ շրջանակով անցկացված նիստում որոշել է 2020 թվականի հունվարի 1–ի քննարկման դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը։

«Մեծ ճգնաժամ չի եղել, եղել են ՀԱՊԿ կանոնադրությունում նույն դրույթի մեկնաբանման վերաբերյալ տարբեր մոտեցումներ», – պարզաբանեց Ուրազաևը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Դիվանագետը հավելեց, որ ղազախական կողմի համար ընդհանրապես ճգնաժամ չի եղել։

«Որքան գիտեմ, մայիսի 22–ին հայկական կողմը հայտարարել է, որ հարցը լուծված է, և կարելի է առաջ շարժվել։ Մենք կարծում էինք, որ կարելի էր նաև կանգ չառնել, մենք առաջ էինք գնում ինչպես մինչև մայիսի 22–ը, այնպես էլ հիմա», – ասաց Ուրազաևը։

Նա խոսեց նաև ԶԼՄ–ներում և հասարակության շրջանում ծավալված բուռն քննարկումների մասին։ Ուրազաևի կարծիքով` բանավեճն այն մասին, թե ով և քանի տարով պետք է զբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, «շատ էմոցիոնալ» էր։

«Դա ավելի շատ հայացք էր ներհայկական իրադարձությունների պրիզմայով։ Չեմ ուզում նսեմացնել հայ հասարակության կարծիքն այս հարցի շուրջ, բայց Ղազախստանում բոլորովին ուրիշ անկյան տակ են նայել այս հարցին։ Բայց մեզ մոտ չեն եղել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում և կապված են եղել գլխավոր քարտուղարի փոփոխության հետ», – նշեց Ուրազաևը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս կլինի․ Հայաստանի ԱԳՆ

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել 2018 թ.-ի նոյեմբերի սկզբին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Երևանը պնդում էր, որ մինչ 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է մնա Հայաստանի ներկայացուցիչը։

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագիծը` Ստանիսլավ Զասին որպես կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին։ Իր նշանակումը համաձայնեցնելու համար Զասն այցելել էր Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան։ Հայաստանն այս ընթացքում Զասի թեկնածությանը «հավանություն» չէր տալիս։

ՀԱՊԿ–ի կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։