Համով Հայաստան․ այս ապուրն անպայման պետք է պատրաստել «Ջանգյուլումի» տոնին

«Ջանգյուլումը» սիրված տոն է Հայաստանում, այն սիրում են հատկապես երիտասարդները։ Այդ օրն ընդունված է պատրաստել «Կաթնով» կոչվող ճաշատեսակը։
Sputnik

«Համով Հայաստանի» այս թողարկումը նվիրված է գալիք տոնին՝ Համբարձմանը, որը ժողովուրդն անվանում է «Ջանգյուլում»։

Արարատյան հայրապետական թեմին կից «Արարատ» երիտասարդական միության նախագահ Տաթև Զախարյանը պատմեց տոնի առանձնահատկությունների մասին և ասաց, թե ինչ է ընդունված պատրաստել այդ օրը։

Համով Հայաստան. խոհարարական շոկ կապրեք. «Գառան վզի» պատրաստման գաղտնիքը

«Օրինակ`այդ օրը լուսադեմին աղջիկները վառ զգեստներ են հագնում, սափորները յոթ աղբյուրից ջուր լցնում, այնտեղ իջեցնում իրենց զարդերը։ Ում մատանին կամ ականջօղն առաջինը հանեն ջրից, նա էլ այդ տարի կամուսնանա», - բացատրում է Տաթևը։

Այդ օրն ընդունված է ծաղկեպսակներ հյուսել, խաղեր կազմակերպել և ցանկություն պահել։

Այդ օրը պատրաստում են բրնձով կաթով ապուր՝ «Կաթնով»։

«Կաթնովի» համար անհրաժեշտ է երկու հիմնական մթերք՝ բրինձ և կաթ, ինչպես նաև ավելացնում են մի քիչ աղ, շաքարավազ, դարչին։ Մատուցում են կարագով։

Կաթով կաթսան դնում ենք կրակին և եռացնում։ Այդ ընթացքում բրինձը լվանում ենք սառը ջրով։ Բրինձը լցնում ենք եռացող կաթի մեջ, խառնում, մինչև եփվի։

Ավելացնում ենք աղ և շաքար ըստ ճաշակի։ Լցնում ենք ափսեի մեջ և մի քիչ կարագ դնում վրան։ Կարելի է ավելացնել նաև դարչին։

Բարի ախորժակ։