Աշխարհի տարբեր երկրներում, նաև` Հայաստանում հայերը կրկին ուս ուսի տվեցին. տեսանյութ

«Արի պարի Քոչարի» նախագիծ-ֆլեշմոբը միավորել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր հայերի: Եգիպտոսում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ուրուգվայում և այլուր հայերն արդեն ուս ուսի են տվել՝ ամենասիրելի հայկական պարի համար:
Sputnik

Երևանը նույնպես միացավ «Արի պարի Քոչարի» համահայկական նախագիծ-ֆլեշմոբին: Հանրապետության հրապարակում մի խումբ երիտասարդներ ուս ուսի տված պարեցին հայկական ավանդական ամենասիրելի պարը՝ այդպիսով ընդարձակելով նաև նախագծի աշխարհագրությունը:

«Արի պարի քոչարին» միավորում է ամբողջ աշխարհի հայերին. ֆլեշմոբն ավելի մասշտաբային կլինի

«Արի պարի Քոչարի» համահայկական նախագիծը մեկնարկել է 2018թ.-ի մայիսի 26-ին: Այն նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 -ամյակներին: Նախագծի հեղինակները որոշել են այն շարունակական դարձնել՝ այս տարվա ծրագիրը նվիրելով հայկական մշակույթի երկու մեծերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: «Պարի՛ր, նկարահանի՛ր և տեղադրի՛ր տեսագրությունը համացանցում՝ #aripariqochari2019 հեշթեգով: Զարմացրո՛ւ, հիացրո՛ւ, ապրեցրո՛ւ քո պարով». նախագծի հեղինակների կոչին արդեն իսկ միացել են ոչ միայն Հայաստանում, այլև հայաշատ այլ երկրներում: Մասնավորապես, համացանցում տարածվել են նաև Եգիպտոսում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ուզբեկստանում, Արգենտինայում, Ուրուգվայում և այլուր հայերի Քոչարին:

«Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելությանը՝ Քոչարիով համախմբել աշխարհի բոլոր հայերին: Այդ տարի մենք ընտրել ենք Կարնո Քոչարին՝ որպես գլխավոր պար: Քչերը գիտեն, որ Կոմիտասը նաև պարային երաժշտություն է գրել, դրանցից մեկը Շորորն է: Մենք առաջարկում ենք Կարնո Քոչարիից բացի նաև Կոմիտասի Շորորը պարել»,- հայտարարել են կազմակերպիչները:

Այդպիսով, մայիսի 25-ին աշխարհի տարբեր անկյուններում հայերը ևս մեկ անգամ միավորվեցին, այս անգամ` Քոչարի պարելու համար: