ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում հետաքրքիր առաջխաղացում է տեղի ունեցել ռոբոտատեխնիկայի ոլորտում, Facebook-ի արժեքն ընկել է, իսկ նոր սարքը խորհուրդներ է տալու, թե ում հետ կարելի է շփվել:
Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:
Ռոբոտ-կոլեգա
Արդյունաբերական ռոբոտները հիանալի են կատարում իրենց առաջադրանքները, եթե նրանց տրվում են հստակ հրահանգներ: Այնուամենայնիվ, Մասաչուսեթսի ինստիտուտի հետազոտողները կարծում են, որ ռոբոտներն ավելի լավը կդառնան, եթե ճանաչեն մարդկանց շարժումները: Այս միտքը փորձարկելու համար նրանք ստեղծել են հատուկ ռոբոտացված ձեռք, որն աշխատանքը կատարում է՝ հետևելով իր մարդ–կոլեգայի շարժումներին: Այս ձեռքբերումը լուրջ առաջխաղացում է համարվում ռոբոտաշինության մեջ: Այս մասին հայտնում է engadget-ը:
Այ քեզ բան. Google-ը կխոսի մեր ձայնով, աստղը սատկել է, իսկ ոմանք դեմ են դեմքի ճանաչմանը
Համակարգը ստացել է RoboRaise անվանումը և տեղադրվել է արդեն գոյություն ունեցող Baxter ռոբոտի մեջ: Դրա լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ են եղել ընկալող-հաղորդող սարքեր, որոնք ամրացվում են մարդ– կոլեգայի ձեռքին և հաշվում մկանների հաղորդած էլեկտրական ազդանշանները: Այդ տվյալները հրամանների ձևով ուղարկվում են RoboRaise-ին, և ռոբոտը մի քանի սանտիմետրի ճշգրտությամբ կրկնում է մարդու շարժումները:
Համակարգը ստեղծողները, բնականաբար, այսքանով չեն սահմանափակվելու և մտադիր են ապագայում մարդկային ձեռքի վրա ավելի շատ ընկալող-հաղորդող սարքեր ամրացնել, որպեսզի դրանք կարողանան գնահատել մարդու հոգնածության մակարդակը և անհրաժեշտության դեպքում ռոբոտին ուժը մեծացնելու հրաման տալ, որպեսզի կանխեն մարդ–կոլեգայի գերհոգնածությունը:
Հույզերը կառավարող սարք Amazon-ից
Amazon ընկերությունը սկսել է զբաղվել շարժական սարքի մշակմամբ, որն ունենալու է ձայնային օգնական և ճանաչելու է մարդու հույզերը։
Այ քեզ բան․ ծալվող սմարթֆոնը շտկվել է, պայուսակը` զինվել էկրանով, Դալին էլ` վերակենդանացել
Bloomberg գործակալության ձեռքի տակ են հայտնվել կորպորացիայի ներքին փաստաթղթերը, որոնք պատմում են «առողջության համար նախատեսված ձեռքի գաջեթի» նախագծի մասին: Այդ սարքը, որը համալրված է միկրոֆոնով, տիրոջ ձայնը «լսելով» կարողանում է որոշել նրա հուզական վիճակն ու խորհուրդ տալ, թե ինչպես ավելի արդյունավետ կլինի շփվել մարդկանց հետ: Սարքն աշխատելու է սմարթֆոնների համար նախատեսված հավելվածի հետ:
Այս պահին անցկացվում է սարքի թեստավորումը: Դեռևս 2017 թվականին Amazon-ը գրանցել էր համակարգի նախատիպ, որն ընդունակ է հետազոտել մարդկային ձայնի նմուշները և որոշել տիրոջ էմոցիոնալ վիճակը: Bloomberg-ը վստահ է, որ հենց այս համակարգն է օգտագործվել սարքը նախագծելիս:
Մեխանիկական շուն
Ռոբոտատեխնիկայի և ավտոմատացման Միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվել է ռոբոտ-շուն: Նրա երկարությունը 120 սանտիմետր է, իսկ քաշը ՝130 կգ, որից 15 կգ-ը մարտկոցինն է(ծանր մարտկոցի շնորհիվ ռոբոտը կարող է աշխատել երկու ժամ):
Մեխանիկական շունը մոտավորապես 10 մետր քարշ է տվել 3 տոննա կշռող Piaggio P180 Avanti ինքնաթիռը: Ինչպես նշում է Daily Mail-ը, ռոբոտը ստեղծել են Իտալիայի տեխնոլոգիայի ինստիտուտի ինժեներները: Այն նախատեսվում է գործածել արտակարգ իրավիճակներում՝ աղետների ժամանակ, սակայն կարող է օգտակար լինել նաև հետախուզության ու գյուղատնտեսության ոլորտներում:
Այ քեզ բան. դրոնն օրգան է առաքել, Մարսում շոու է լինելու, իսկ ինչ անի ականջակալ կուլ տվողը
«Ինքնաթիռը քարշ տալու փորձի միջոցով մենք ցույց տվեցինք ռոբոտի ուժը, այն կարող է համապատասխան իրավիճակում նաև մարդկանց տեղափոխել: Մենք ցանկանում էինք անել մի բան, որը երբևէ չի արվել, և անցած շաբաթ դա մեզ հաջողվեց»,- ասել է Իտալիայի տեխնոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի ծրագրային ղեկավար Կլաուսիո Սեմինին:
Forbes–ի ամենամյա վարկանիշի առաջին հորիզոնականներում տեխնոապրանքանիշներն են
Ինչպես հայտնի է բոլորին, Forbes ամսագիրն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշների վարկանիշային աղյուսակը: Այս տարվա ցանկն առանձնապես չի տարբերվում նախորդից: Ամերիկյան Apple–ն արդեն 9-րդ տարին անընդմեջ գլխավոր դերում է, որովհետև ընկերության շուկայական արժեքը գնահատվում է 205,5 մլրդ դոլար, ինչը 12 %-ով շատ է անցյալ տարվա ցուցանիշից: Հատկանշական է, որ հաջորդ չորս տեղերում կրկին տեխնոապրանքանիշներն են։ Թանկարժեքության մակարդակով Apple-ին է մոտենում Google-ը: Այս ապրանքանիշը գնահատվում է 167,7 մլրդ դոլար, ինչը 27 %-ով շատ է անցյալ տարվա արդյունքից:
3-րդ հորիզոնականում Microsoft–ն է, իսկ 4-րդում` Amazon-ը, որը նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավել է մեկ հորիզոնականով։ Միայն Facebook–ն է զիջել իր դիրքը` 4-րդից հասնելով 5-րդին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։