Միամտության աշխարհի ռեկո՞րդ. «նիգերիական նամակին» հավատացած և խոշոր գումարից զրկված հայը

Եթե հանկարծ ինձ պատմեին, որ Ամիրյանով դինոզավրերի հոտ է անցնել ու մի բրոնտոզավր էլ մռութը խոթել է գրասենյակի պատուհանից ու սուրճ ուզել, գուցե ավելի շուտ հավատայի, քան այն իրապատմանը, որ Հայաստանում 21-րդ դարում կա այնքան դյուրահավատ մարդ, որ կուլ է տվել «նիգերիական նամակի» խայծը ու մի քանի տասնյակ հազար դոլար փոխանցել ֆանտոմային խարդախներին:
Sputnik

Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա

Իրական այս պատմությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով, իրավաբան, իրավախորհրդատու Մարի Մանուկյանը, ամենից առաջ, իհարկե, նպատակ ունի ևս մեկ անգամ զգուշացնել մեր հայրենակիցներին, որ խուսափեն կասկածելի «ժառանգություններից» ու խարդախության այլ խայծերից:

Եղելությունն ինքնին ցնցում է համացանցի միջոցով գործող խարդախների նետած խայծը կուլ տված և նրանց ճանկն ընկած ՀՀ քաղաքացու աներևակայելի դյուրահավատությամբ:

Google-ը կփոխի իր որոնման դաշտի դիզայնը. լուսանկար

Մեր օրերում, իհարկե, «նիգերիական նամակի» խայծը կուլ տալն ավելի շուտ էկզոտիկա է, քան տարածված մի բան: Նույնիսկ անփորձ օգտատերերը հասկանում են, որ նման նամակները այսպես ասած՝ «սպամ» են ու ջնջում են դրանք կամ ընդհանրապես արգելափակում են այն հասցեները, որոնցից դրանք ստացել են:

Բայց, ինչպես համոզվում ենք, ոչ բոլորը:

«Շատ ցավալի է, բայց փաստ, որ երբեմն ոչ միայն բուն իրավագիտակցության ցածր մակարդակն է նպաստում խարդախության զոհ դառնալուն, այլև ինտելեկտուալ անբավարար մակարդակը: Այդ գործոնները նպաստում են նրան, որ հանդիպում են մարդիկ, որոնք կարող են անգամ բացահայտ հեքիաթին հավատալ, շատերի համար անիրական թվացող խաբեությունների տրվել և գումար կորցնել»,-նկատում է Մարի Մանուկյանը:

Պարոն «Դյուրահավատության չեմպիոնը»

Եվ այսպես, ՀՀ քաղաքացի Իքս Իգրեկյանը մի օր կորպորատիվ էլեկտրոնային հասցեին նամակ է ստանում: Նամակն ուղարկողը ներկայանում է որպես աֆրիկյան մի երկրում գործող բանկի աշխատակից, որն, ըստ խարդախության լեգենդի, վարել է ենթադրյալ անժառանգ մահացած ինչ-որ անձնավորության (մահվան վկայականի նկարը կցվում է) բանկային հաշիվը: Նշում է, թե տեղեկություններ ունի, և այդ հաշվի վրա 10 միլիոն դոլար կա, որն իր երկրում կանխիկացնել չի լինի, դրա համար ընտրել է այլ երկրում, այս դեպքում՝ Հայաստանում կանխիկացնելու տարբերակը:

Սթիվեն Հոքինգի հայազգի ուսուցիչը. ո՞վ դրդեց նրան բացահայտել տիեզերքը

Առաջարկում է այդ 10 միլիոն դոլարը «ֆիֆթի-ֆիֆթի» անել, դե գիտեք՝ 50/50, պայմանով, որ Հայաստանի քաղաքացին օգնի գումարը ձևակերպել որպես իր ստացած ժառանգություն, մի խոսքով՝ ծեծված սխեմայով:

Ու պատկերացրեք, որ մարդը հավատացել է: Փաստը մնում է փաստ, որ ՀՀ տվյալ քաղաքացին ոչ միայն արձագանքել է, այլև «ժառանգության» ձևակերպման համար տրամադրել իր անձնագրային տվյալները, ստորագրել ինչ-որ ֆիկտիվ պայմանագրեր, որոշ ժամանակ անց փոխանցել է 1100 դոլար, իսկ 2018-19թթ. ընթացքում, ամենատարբեր «ձևակերպումների» համար՝ գրեթե 40 հազար դոլարին համարժեք գումար:

Մարի Մանուկյանը բացատրում է, որ խարդախություն անողների խնդիրն է՝ «ներգրավել» հնարավորինս շատ օղակներ, որպեսզի հետագայում ամեն ինչ այնքան խճճված լինի, որ դժվարանա, եթե ոչ անհնարին դառնա նախնական օղակը հայտնաբերելը:

Մի խոսքով, խարդախները «փաստաթղթավորում» են մի այլ կարգի, շարունակում են զոհին տեղեկացնել «գումարի» շարժի մասին: Այս ընթացքում նորանոր փոխանցումներ անելու անհրաժեշտություններ են ծագում՝ կամաց-կամաց ավելացող գումարաչափերով: Հանրագումարում, «հեքիաթային» 10 միլիոնի կեսը ստանալու հույսով ու ախորժակով տոգորված Իքս Իգրեկյանը մի 35-40 հազար դոլար է փոխանցում «աֆրիկյան նամակագիրներին»:

Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր

Ի վերջո, խարդախության 6-րդ փուլում զոհը տեղեկանում է, որ՝ վե՛րջ, գումարը փոխանցվում է Հայաստան, բայց պետք է ԱՄՆ դեսպանատան երաշխավորությունը, որն ստանալու համար, իբր պետք է «կազմակերպության» ներկայացուցիչը գա Երևան, պետք է նրա հյուրանոցային ծախսերը հոգալ, բացի այդ՝ առձեռն գումար փոխանցել նրան (մի քանի հազար դոլար), հետադարձ ավիատոմսն ապահովել ու՝ «ֆսյո՜»…

Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, արժե նշել, որ Իքս Իգրեկյանը, նույն ինքը՝ տուժողն անգլերենին բացարձակապես չի տիրապետում: Իսկ մի քանի տասնյակ էջ կազմող «պայմանագրերին» էլ ծանոթացել է… Այո, «Գուգըլ թրանսլեյթի» միջոցով:

Եվ ահա, կազմակերպության «ներկայացուցիչը» գալիս է, տեղավորվում, ի դեպ, թանկարժեք հյուրանոցներից մեկում, առձեռն ստանում մի քանի հազար դոլարը, ինչ-որ ֆիկտիվ ստացական գրում, թե՝ ստացա, իբր՝ դասավորում ԱՄՆ դեսպանատան «դաբրոն»:

Գյումրեցու դիպուկ կրակոցները և հրթիռներ ստեղծող հայ ինժեները. ովքե՞ր են ծնվել մայիսի 23-ին

Ու մեկ էլ, թե՝ շնորհավորում ենք, գումարն ամբողջությամբ կարող եք ստանալ, այն փոխանցված է: Բայց, չէ, էլի հարց է ծագում. կանխիկացման համար անհրաժեշտ է կանխիկացվելիք գումարի 5 տոկոսը, շատ չէ, այդպես մի 250 հազար դոլար փոխանցել կազմակերպությանը:

Իքս Իգրեկյանը երևի դա էլ կաներ, եթե այդքան գումար լիներ ձեռքի տակ: Բայց չի լինում, դիմում է իրավաբաններին, թե՝ ես ներդրում եմ անում, ներդրվելիք գումարից մի քանի հարյուր հազար ուզում են «պահել» և այլն: Բայց մասնագետները շատ արագ հասկանում ու տուժած անձին էլ բացատրում են, որ ինքը խարդախության զոհ է:  Ի վերջո, նա դիմում է իրավապահներին, որոնք էլ քննում են սույն գործը…

Ու երևի դեռ երկար կքննեն, քանզի վերապատմելը հեշտ է, իսկ հապա փորձիր, գնա ու փաստեր, ապացույցներ հավաքիր աշխարհով էլ չէ, այլ համացանցով մեկ, որ այս կամ այն «թուղթը» կեղծ է, խաբեություն է և այլն, չհաշված՝ փորձաքննությունները, որ պահանջվում են: