Չինացի ներդրողներն ուզում են Հայաստանում բազալտե մանրաթելեր արտադրել

Չինացի գործարարները ոգևորված են ՀՀ վարչապետի և ՉԺՀ–ի նախագահի հաջող հանդիպումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում բազալտե մանրաթելերի արտադրությամբ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Օրեր առաջ նա հանդիպում է ունեցել TEDA չինական հոլդինգի ներկայացուցիչների հետ, որոնք հայտարարել են արտադրության մեջ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում անելու հնարավորության մասին։

Չինացիներն ուզում են ՀՀ–ում հսկա մարզադաշտ կառուցել. ի՞նչ ճակատագիր կունենա «Հրազդանը»

«Նրանք շատ ոգևորված են Չինաստանի ղեկավարության հետ Հայաստանի վարչապետի հանդիպումից և տրամադրված են աշխատելու մեր երկրում», – ավելացրեց Վերմիշյանը։

Նշենք, որ Հայաստանում արդեն նման արտադրություն գործում է, որը ներդրողներ է փնտրում։

Բազալտե մանրաթելը շինարարության համար նախատեսված ջերմամեկուսիչ հեռանկարային նյութ է, որը տարբերվում է իր թեթևությամբ, ամրությամբ և մեկուսացումով: Հայաստանը բազալտի զգալի պաշարներ ունի երկրի տարբեր շրջաններում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստան էր այցելել պաշտոնական այցով մայիսի 14-16-ը։ Նա հանդիպում է անցկացրել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի և վարչապետ Լի Կեցյանի հետ, իսկ մայիսի 15-ին ելույթ ունեցել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։