Փաշինյանը դատավորներին աշխատանքից հեռացնել չի կարող, բայց պղտոր ջրհորը պետք է փակվի

Դատական համակարգի զտումը ցավոտ, բայց անհրաժեշտ պրոցես է։ «Անկախ դատավոր» հասարակական կազմակերպության նախագահ Պարգև Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ցանկալի զտումն իրականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Դատավորին վարչապետն իրավաբանորեն ոչինչ անել չի կարող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով դատական համակարգի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, ասաց անկախ դատավոր, «Իրավապաշտպան» ՀԿ նախագահ, իրավաբան Պարգև Օհանյանը։

Գլխավոր դատախազը խոստանում է ընթացք տալ դատարանների մասին ահազանգերին

«Ո՛չ կարող է աշխատանքից հեռացնել`իրավաբանորեն, ո՛չ որևէ այլ բան։ Այլ հարց է, որ կարող են ասել` թող ԱԱԾ–ին ասի բռնեք։ Բայց չէ՞ որ դա առանց աղմուկ հանելու էլ կարող ենք անել։ Վերջին հաշվով դա նրանց պարտականությունն է»,– ասաց Օհանյանը։

Այդուհանդերձ, խնդիրներ, կամ, Պարգև Օհանյանի բնորոշմամբ` ուռուցքներ, դատական իշխանությունում կան ու նույնիսկ արդեն մետաստազներ են տվել։

«Միջամտությունը վիրահատական կլինի, թե քիմիաթերապիա կլինի, բայց ինչ–որ բան պետք է արվի։ Դա, իհարկե, չի էլ նշանակում, որ թացը չորի հետ պետք է խառնվի։ Այնտեղ շատ պարկեշտ և բարեխիղճ դատավորներ էլ կան»,– ասաց նա։

Պարգև Օհանյանի դիտարկմամբ, դատական համակարգում այսօր կա նոր, կիրթ ու  երիտասարդ դատավորների մի սերունդ, ում  աշխատանքային կենսագրությունը ոչ մի բացասական դրվագով աղտոտված չէ։

«Դա մի քիչ ցավոտ պրոցես է, բայց անհրաժեշտ։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այն անպայման հեղափոխությանը հաջորդի։ Օրինակ, ես շատ լավ հիշում եմ, 1996թ–ին, երբ ձևավորվեց Արդարադատության խորհուրդը, որոշ տեղեկությունների հիման վրա, ասենք` այսինչը խանութ ունի, այնինչը ինչ–որ մեկի բարեկամն է, դատավորների որոշ զտումներ արվեցին։ Բնական է` նաև թացը չորի հետ խառնվեց։ Այդ պրոցեսները ցավոտ են, բայց պետք է արվեն»,– ասաց Օհանյանը։

Շահնազարյան․ «Վարչապետը տապալում է սահմանադրական կարգը»

Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակի բոլոր լուծումները, Պարգև Օհանյանի համոզմամբ, պետք է լինեն բացառապես օրենքի միջոցով։ Օրինակ` անհրաժեշտ փոփոխություններ, լրացումներ կատարվեն Սահմանադրության դատական իշխանությանը վերաբերող բաժնում և դրանից բխող օրենքներում ու օրենսգրքերում։ Իսկ օրենսդրական փոփոխությունները նախապատրաստելու համար պետք է ձևավորվի մասնագիտական հանձնաժողով, որի կազմում աշխատելու պատրաստակամություն է հայտնում նաև մեր զրուցակիցը։

Իսկ ներկայիս դատական համակարգը Պարգև Օհանյանը համեմատում է ջրհորի հետ, որտեղ լճացած պղտոր ջուրը մաքրվելու կարիք ունի և մասնակի վերանորոգումները ոչ մի օգուտ չեն տալիս։ «Այդ ջրհորը կարծում եմ պետք է փակվի ու նոր վճիտ, մաքուր արդարության աղբյուր ստեղծվի։ Ու դրանում հատկապես Վճռաբեկ դատարանի դերակատարումը պետք է մեծ լինի, որովհետև մինչև հիմա ժողովուրդը չի զգացել Վճռաբեկ դատարանի`որպես դատական իշխանության, վերջին ու արդար ատյանի դերը։ Մինչդեռ, ժողովուրդը պետք է համոզված լինի, որ եթե անգամ առաջին ատյանում չհաղթեց, Վերաքննիչում չհաղթեց, ի վերջո արդարության է հասնելու Վճռաբեկ դատարանում»,– ասաց Օհանյանը։

Սկսվում է անկախ դատական համակարգ ունենալու փուլը. Փաշինյան

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` ՄԻԵԴ դատավճիռներով հաստատված խախտումների հեղինակ դատավորների հրաժարականի պահանջին, Պարգև Օհանյանը նշեց, որ վարչապետի այդ պահանջն իրավական ուժ չունի, այն ավելի շատ կոչ է` ուղղված հենց այդ դատավորների բարոյականությանն ու խղճին։

Հիշեցնենք, այսօր դատական համակարգին նվիրված հանդիպում–քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  հանրությունը պետք է ամբողջական տեղեկություն ունենա դատավորի քաղաքական կապերի, գույքային վիճակի մասին։

ՄԻԵԴ–ի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները և նրանք, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան։

Վարչապետի խոսքով, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու համար Ազգային ժողովում պետք է օրենսդրական փոփոխություններին ուղղված աշխատանքներ սկսեն։