Այո, 1919 թվականի մայիսի 16-ին, դեռ 1 տարին չբոլորած, հազար ու մի խոցերի ու խնդիրների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց համալսարան հիմնելու վերաբերյալ: Դա ոչ միայն պատմական որոշում էր, այլև այն հիմքը, որը Հայաստանի ապագան պիտի լուսավորեր: Արդեն 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում հանդիսավոր արարողությամբ բացվել է Հայաստանի համալսարանը, որը հետո պետք է տեղափոխվեր մայրաքաղաք ու կոչվեր, ինչպես մինչ օրս՝ Երևանի պետական համալսարան: Իսկ այն ժամանակ համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։
Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ ֆակուլտետ՝ պատմալեզվաբանական, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտորը եղել է Յուրի Ղամբարյանը:
Կարելի է ասել, այսօրվանից մեկնարկում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյա հոբելյանը:
Շատ շատերին կարող ենք ու արժե նշել, բայց դա այլ հրապարակումներում: Իսկ օրացույցի առումով, նկատենք. 1910 թվականի մայիսի 16-ին է ծնվել կենդանաբան-միջատաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարգարիտ Երվանդի Տեր-Մինասյանը (1910-1995):
Նա, ի դեպ, 1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը, իսկ 1943-1948 թվականներին եղել է ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, 1948 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում։ Ի լրումն ամենի, Մարգարիտ Տեր-Մինասյանը տվել է ՀԽՍՀ տափաստանների և կիսաանապատների կենդանաաշխարհագրական բնութագիրը, ըստ բզեզների տարածման:
Մայիսի 16-ին է ծնվել նաև տնտեսագիտության գիտությունների դոկտոր, բազմաթիվ (100-ից ավելի) գիտական ուսումնասիրությունների հեղինակ Մուշեղ Ադոնցը (1910-1994):Ինչ վերաբերում է մոլորակին, ապա 1924 թվականի այս օրը ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական հանրահայտ «Մուռզիլկա» ամսագրի առաջին համարը:
Իսկ, օրինակ 1929 թվականին, ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի հիմնած մրցանակի, հանրահայտ «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը: Ճիշտ է, կոնկրետ «Օսկար» անվանումը սկսել են կիրառել տարիներ անց՝ 1934 թվականից:
Այսօր նաև մի ամբողջ շարք հետաքրքրաշարժ «միջազգային օրերի» օր է:
Այսպես. Մայիսի 16-ին նշվում են
ա) Խաղաղ գոյակցության միջազգային օրը,
բ) Լույսի միջազգային օրը,
գ) Կենսագիրների օրը:
Դե ինչ, հետաքրքիր կենսագրություններ շատ կան: Ինչով, օրինակ ուշագրավ չէ ֆրանսիացի բանաստեղծ և գիտնական, փաստաբան և ֆինանսների նախարարի կարգադրիչ, բայց ամենից առաջ որպես հեքիաթասաց, ավելի ճիշտ՝ հեքիաթագիր հայտնի դարձած ու հիշվող Շառլ Պերրոյի (1628-1703) կենսագրությունը: Նա ի դեպ, մահացել է մայիսի 16-ին:
Բայց ընդմիշտ մնացել է պատմության և գրականության մեջ: Հիշո՞ւմ եք, չէ՞ «Մոխրոտիկը», «Կոշկավոր կատուն», «Կապույտ մորուքը»:
Բայց էականն այն է, որ Պերրոն բարձր գրական մակարդակի բերեց ժողովրդական հեքիաթը, և ի լրումն, նա համարվում է գրական մանկավարժության և մանկական գրականության հիմնադիրը: