Ամուսինները Տոմսկից վարկ են վերցրել և «թաքնվել» Հայաստանում. կատարածուն բռնել է նրանց

Ամուսինները վարկ են վերցրել սրճարան բացելու համար, սակայն վճարել են միայն սկզբնական շրջանում, այնուհետև երկար ժամանակով եկել են Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Տոմսկի շրջանի դատական կատարածուն բնակարանի գնորդ է ձևացել և բռնել պարտապաններին, որոնք երկար ժամանակ թաքնվել են Հայաստանում։ Այս մասին հաղորդում է Դատական կատարածուների դաշնային ծառայության մամուլի բաժինը։

Ամուսինները վարկ են վերցրել, որպեսզի սրճարան բացեն։ Նրանք սկզբնական շրջանում կատարել են վճարումները, այնուհետև մեկնել են Հայաստան։ Երբ հետ են վերադարձել, սկսել են անտեսել վարկային հաստատության պահանջները և չվճարել։

Լուկաշենկոն բարկացած է. Ռուսաստանը Հայաստանին ավելի ցածր տոկոսադրույքով է վարկ տրամադրել

«Մելնիկովո գյուղի բնակիչ ամուսինները բանկից փող են վերցրել և սրճարան բացել։ Սկզբից պարտապանները կանոնավոր կերպով մարել են վարկը, բայց հետո երկար ժամանակով գնացել են Հայաստան` մոռանալով իրենց պարտավորությունների մասին», – ասվում է հաղորդագրությունում։

Զույգը փորձել է խուսափել դատական կատարածուների հետ հանդիպումներից։ Շփվելով հարևանների հետ` իրավապահ մարմինները պարզել են, որ ամուսիններն ապրում են հարևան շենքում, բայց դուռը կատարածուների առաջ չեն բացում։

Այդ ժամանակ դաշնային ծառայության աշխատակիցները հայտարարություն են տեսել այն բնակարանի վաճառքի մասին, որտեղ ապրելիս են եղել պարտապանները։

«Դատական կատարածուն որոշել է խորամանկել. նա զանգահարել է հայտարարության մեջ նշված համարով, ներկայացել որպես պոտենցիալ գնորդ և պայմանավորվել հանդիպել», – ասվում է գերատեսչության կայքում։

Ինչպիսին է եղել բնակիչների զարմանքը, երբ այցելուները ծառայողական փաստաթուղթ են ներկայացրել և ասել այցի իրական նպատակը։

Արդյունքում կենցաղային տեխնիկայի, կահույքի և քաղաքացուն պատկանող ՎԱԶ ավտոմեքենայի վրա կալանք է դրվել։