Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը Չինաստանում ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանն արդեն Լյուքսեմբուրգում է. ի՞նչ է նախատեսված այցի ընթացքում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ  պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Հիշեցնենք` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12–ին մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղից աշխատանքային այցով կմեկնի նաև Բրյուսել։