ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայ ազգի գենոֆոնդը ձևավորվել է հինգ հազար տարի առաջ, այնուամենայնիվ, դա դեռ հիմքեր չի տալիս պնդելու, որ ամենահինն է աշխարհում կամ տարածաշրջանում։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի լաբորատոր էթնոգենետիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։
«Քչերը կարող են հպարտանալ նման գենոֆոնդով։ Մենք նաև գիտենք, որ մեր գենոֆոնդը քիչ է փոխվել անցած հազարամյակի ընթացքում։ Սակայն սխալ է պնդել, որ մենք տարածաշրջանում ամենահին գենոֆոնդով ժողովուրդն ենք։ Նույն վրացիների կամ իրանցիների գենոֆոնդը վատ է ուսումնասիրված։ Միայն համապատասխան հետազոտություններից հետո կարելի է անել նման հետևություններ», – ասաց Եպիսկոպոսյանը։
Գիտնականը նշեց, որ հայերի «հնության» մասին վկայում են տարբեր երկրների մասնագետների հետազոտությունները (այդ թվում` լեզվաբանության ոլորտում)։ Վերջին տվյալներով` հայերենն առանձնացել է հնդեվրոպական նախալեզվից 4,5-5 հազար տարի առաջ։ «Դա ևս մեկ անգամ հաստատում է հայկական գենոֆոնդի հնությունը»,– նշեց Եպիսկոպոսյանը։
Դարերի ընթացքում տեղի է ունեցել էթնիկ ընդհանրության առանձնացման գործընթաց. հայերն իրենց բնորոշ գծերով սկսել են տարբերել մյուս ժողովուրդներից։
Գիտնականը նշեց, որ հայերը կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունը, գենոֆոնդը չի ենթարկվել զգալի փոփոխությունների։ Նրա խոսքով` գենետիկական օտարածին ազդեցությունից զերծ են մնացել Արցախն ու Սյունիքը։ Այդուհանդերձ, չարժե պնդել հայերի, վրացիների կամ չինացիների բացարձակ «զտարյունության» մասին, թեկուզ այն պատճառով, որ մարդիկ ամբողջ աշխարհում գենետիկորեն շատ առումներով նման են իրար։
Եպիսկոպոսյանի խոսքով` վերջին շրջանում նորաձև է դարձել որպես նվեր ԴՆԹ անալիզ պատվիրելը։ Այսպես, ԱՄՆ–ում հոբելյարի ծննդյան օրը հաճախ ոչ թե փող կամ օծանելիք են նվիրում, այլ նրա գենետիկ գաղտնագրի վերծանումը. ավելի քան 10 միլիոն ամերիկացիներ արդեն ունեն գենետիկ անձնագրեր։ Հարևան Թուրքիայում 34,5 միլիոն մարդ պատրաստակամություն է հայտնել ստուգել ԴՆԹ–ն և պարզել իրենց նախնիների մասին տեղեկությունը։
Եպիսկոպոսյանը նաև նշեց, որ հիմա ԴՆԹ անալիզն ավելի հաճախ սկսել են օգտագործել քաղաքական նպատակներով։ Գիտնականը բացասաբար է գնահատում այդ միտումը։ Նրա կարծիքով` գիտությունը մեռնում է այնտեղ, որտեղ կա քաղաքական պատվեր։