Լրագրողները լավաշ թխելու, տոլմա եփելու ու խորոված սարքելու գաղտնիքներն իմացան երևանյան ռեստորաններից մեկի կազմակերպած գաստրոտուրի շրջանակում։
Գաստրոտուրի մտահղացումը ծնվել է դեռ անցած տարի. զբոսաշրջիկներն են օգնել։ Ռեստորանը «բաց խոհանոցներ» ունի։ Ապակե դռներից երևում է` ինչպես են լավաշ թխում կամ խորոված սարքում։ Զբոսաշրջիկները հարցրել են` կարո՞ղ են իրենք էլ մասնակցել։ Հետո մտել են ներս...
«Այդպես որոշեցինք ամառվա սկզբից գաստրոտուրի նախագիծ սկսել։ Սա հայկական խոհանոցն ավելի լավ ճանաչելու հնարավորություն է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեմյան Փրոջեքթսի» հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը։
Նախագծի առաջին փորձարկողները ԶԼՄ–ների ներկայացուցիչներն էին, որոնք փորձառու հացթուխների ու շեֆ խոհարարների օգնությամբ լավաշ էլ թխեցին, տոլմա էլ եփեցին, իսկ վերջում էլ խորոված սարքեցին։