Շնորհավոր Մայիսի 9-ը, շնորհավոր Եռատոնը

Մայիսի 9-ին, ինչպես Ավետիք Իսահակյանն է 1945 թվականին չափածո ու դիպուկ ձևակերպել. «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան, Մեծ հաղթանակի օրն է ցնծալից…»:
Sputnik

Եվ ով կպատկերացներ, որ դրանից 47 տարի անց, Բեռլինում հաղթական քոչարի պարած քաջարի պապերի նույնքան արիասիրտ թոռները մեկ այլ խոշոր հաղթանակ էլ էին արարելու՝ Շուշիի ազատագրումը:

Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի զավթիչների նկատմամբ Խորհրդային Միության ժողովուրդների մղած ծանրագույն պատերազմում ու հերոսական պայքարում, անասելի զրկանքների ու կորուստների գնով տարած Հաղթանակի, իսկապես՝ Մեծ հաղթանակի օրը:   

Եվ Մայիսի 9-ը տոնական օր է Հայաստանում, և անհնար է պատկերացնել, որ այլ կերպ կարող էր լինել, քանզի մեր ժողովուրդը, մեր հանրապետությունը իրենց անուրանալի ավանդն ու անմնացորդ ներդրումն են ունեցել դարչնագույն չարիքի նկատմամբ կռած Հաղթանակի գործում:

Ըստ ընդունված տվյալների, ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է շուրջ 600 հազար հայ: Ըստ որում՝ մոտ 300 հազարը Հայկական ԽՍՀ-ից, ինչը մեր հանրապետության այն ժամանակվա բնակչության 22 տոկոսն էր կազմում: Մի ժողովրդի պարագայում, որ 1915-23թթ Հայոց ցեղասպանության մարդակուլ արհավիրքի փորձություններով էր անցել, որ հազիվ 1,5 միլիոնի էր հասել 1940-41-ի դրությամբ, դա ահռելի մեծ թիվ է:

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները
Առավել ևս, որ պատերազմին մասնակցած մոտ կես միլիոն հայորդիների գրեթե կեսը կյանքի գնով մոտեցրեցին Հաղթանակի օրը:

Կազմավորվել է հայկական 6 դիվիզիա, 104 (այլ տվյալներով՝ 106) հայ և ՀԽՍՀ ներկայացուցիչ արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչման, 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ (հավասարազոր է Հերոսի կոչմանը), իսկ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ մարտիկ։

Հայ ժողովրդի փառապանծ զավակներն են զորահրամանատարներ, մարշալներ  Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը (Խուդյակով) և ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովը:

Շուրջ վեց տասնյակ գեներալներ, դիվիզիաների, գնդերի, մարտական խոշոր ստորաբաժանումների հրամանատարներ, մարտական սպաներ, ռազմական օդաչուներ ու հարյուր հազարավոր մարտիկներ: Սերմնացաններ, որ տուն չդարձան:

Գրեթե տուն, օջախ չկա, որ այդ դաժան պատերազմում հարազատ կորցրած չլինի:

Չարդախլուն ու Թամանյան դիվիզիան. Ռայխստագի քոչարին՝ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ

Հայկական 6 դիվիզիաներից միայն մեկն էր մնացել հանրապետությունում՝ սովետա–թուրքական սահմանի պահպանության և Հիտլերի դաշնակից Թուրքիայի ենթադրվող ագրեսիային դիմագրավելու համար:

Հայկական մյուս 5 դիվիզիաները, որոնցից ամենահայտնին համարվում է 89-րդ Թամանյանը, լիարժեք մասնակցել են ՀՄՊ ընթացքին` Կովկասից հասնելով մինչև Բեռլին, Կուրլանդիա, Ավստրիա, մասնակցել Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ազատագրական գործողություններին:

Հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Բուլղարիայում, այլուր, ԽՍՀՄ օկուպացված հատվածում ևս ակտիվ մասնակցել են պարտիզանական պայքարին, դիմադրության շարժմանը, դարձել այդ երկրների ազգային հերոսներ:

Հաղթանակի գեներալը. ինչպես Նվեր Սաֆարյանը «քոչարի» բեմադրեց Բեռլինում

ԱՄՆ-ում այդ շրջանում հաստատված մոտ 200 հազար հայերից շուրջ 20 հազարը արդեն ամերիկյան զորքերի կազմում նույնքան նկատելի ու հերոսաբար պայքարել են Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում՝ Պերլ Հարբորում, Իտալիայի ազատագրման համար մղված ճակատամարտերում:

Որ կողմից էլ դիտարկես՝ սա մեր Հաղթանակի տոնն է, որ նշում ենք աշխարհի բազմաթիվ ժողովուրդների, իհարկե, նաև՝ մեր դաշնակից պետությունների հետ:

Մայիսի 8-ի վերաբերյալ հրապարակումն սկսել էինք Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մասին անդրադարձից:

Հաղթանակների տարեգրություն. Ռեյխստագի քոչարուց մինչև «Հարսանիք լեռներում»

Ասել, որ Շուշիի ազատագրումը շրջադարձային նշանակություն ունեցավ Արցախի ազատամարտի ընթացքում, կնշանակի ոչինչ չասել: Նախորդիվ արված դիտարկումներին անպայման արժե հավելել այն, որ 1988-91 թվականներին վերջնականապես հայաթափված հայկական Շուշին ադրբեջանական զինյալ կազմավորումները վեր էին ածել ռազմական հենակետի, որտեղից մեթոդաբար հրթիռահարում և հրետակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գերիշխող բարձունքի վրա գտնվող ու բնականից արդեն ամրոց Շուշին իրենով արած հակառակորդին թվում էր, թե՝ վերջ, հիմնական հաղթաթուղթն իր ձեռքում է:

Հարսանիք լեռներում. ռազմական բժշկի պատերազմական հիշողությունները

Բայց Արցախի ինքնապաշտպանական ուժերը՝ կամավորական ջոկատները, միավորված ու համակարգված ռազմագործողությամբ կարողացան ազատագրել հայկական բերդաքաղաքը՝ Մեծ հայրենականի լեգենդար ռազմածովային օդաչու, կրկնակի Հերոս Նելսոն Ստեփանյանի ու բազմաթիվ այլ հայտնի հայերի ծննդավայրը:

Կարողացան, չնայած այն բանին, որ դասական ռազմագիտական կանոններով գրոհ սկսելու համար անհրաժեշտ զորաքանակից մեր կամավորականների թիվը մոտ 5 անգամ պակաս էր:

Եվ բնական է, որ հենց Մայիսի 9-ն է Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրը: Երրորդ կարևոր իրադարձությունը, որի համար էլ օրը նշում ենք որպես եռակի տոն կամ՝ Եռատոն:

Հավերժ փառք ու խոնարհում Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ աշխարհամարտի, Արցախի ազատամարտի մեր հերոսներին ու հաղթանակները կերտողներին:

Շնորհավոր Մայիսի 9-ը, շնորհավոր Եռատոնը: