Մարգարիտա Սիմոնյանը պատմել է հայ տատիկի հոգեցունց պատմությունը

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես են աքսորել իր տատիկին և ինչպես է դասավորվել իր նախնիների հետագա կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT––ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հոգեցունց պատմություն է պատմել իր տատիկի ընտանիքի աքսորի և այն մասին, թե որքան կարևոր է հարազատների ուղին հիշելը։ Այդ մասին նա գրել է իր տելեգրամ–ալիքում։

«Քրիստինա, խոսքեր չկան». Մարգարիտա Սիմոնյանին անգին նվեր են արել

Լրագրողը պատմել է, որ ուղիղ մեկ տարի առաջ մահացել է իր Մայա տատիկը, որի պատանեկությունն անցել է ժողովրդի թշնամու կարգավիճակում։ Սիմֆերոպոլը շրջափակել են, երբ Սիմոնյանի տատիկը 9 տարեկան է եղել։ Նրա հայրը ռազմաճակատում է եղել, ինչպես և Ղրիմի հայկական սփյուռքի բոլոր տղամարդիկ` Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները։ Աղջիկը 11 տարեկան է եղել, երբ հորը վիրավորել են։ Նա պառկել է Սիմֆերոպոլի հոսպիտալում, արդեն սկսել է ապաքինվել, բայց մահճակալ չզբաղեցնելու համար տղամարդուն տուն են ուղարկել։

«Գիշերվա ժամը երկուսին դուռը թակել են։ Ոչինչ չեն բացատրել։ Բացի նրանից, որ իմ 11–ամյա տատիկը, նրա կրտսեր եղբայրը և նորածին քույրը, ինչպես նաև նրանց մայրն այսօրվանից ժողովրդի թշնամի են և ենթակա են աքսորի։ Ասել են` 20 րոպեից աքսորելու են, իսկ հայրը` խորհրդային զինվորը, կշարունակի բուժումը, հետո կվերադառնա ռազմաճակատ։ Վիրավոր հայրը 20 րոպե հետևել է, թե ինչպես են իր ընտանիքին շտապեցնում արագ հավաքվել և տանում անհայտ ուղղությամբ», – պատմել է նա։

Ինչպես նշել է Սիմոնյանը, ընտանիքին աքսորել են Ուրալ, բահը տվել են ու ասել, որ իրենց համար գետնափոր տուն փորեն և ապրեն։ Սիմոնյանը նշել է, որ հայտնի չէ` ճանապարհին քանի մարդ է մահացել անասուն տեղափոխելու համար նախատեսված հեղձուկ վագոններում։

Մարգարիտա Սիմոնյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ «միլիոնանոց գաղտնիք» է պատմել

«Երբ տղամարդիկ վերադարձել են ռազմաճակատից և տեսել իրենց փակ տները, նրանց բացատրել են, որ կանայք ու երեխաներն աքսորվել են Ղրիմի հայերի արտաքսման շրջանակում։ Հայրենիքի պաշտպանները` հրաշքով փրկված տղամարդիկ և հայրերը, իրավունք ունեն միանալ նրանց։ Պապս, որի մորն ու քրոջն աքսորել են այն ժամանակ, երբ պարգևներ է ստացել ռազմաճակատում, այդ մասին ոչ հմուտ, բայց շատ ստույգ գիրք է գրել` «Ճշմարտությունը թոռներիս»», – գրել է Սիմոնյանը։

Նա հիշել է Գուզել Յախինայի գիրքն այն մասին, թե ինչպես է նույն բանը տեղի ունեցել թաթարների հետ։ Սիմոնյանը հիշեցրել է չեչենների, ինգուշների, կազակների և միլիոնավոր ռուսների մասին, որոնց աքսորել են սեփական տներից։ Նրա խոսքով` հարյուր հազարավոր մարդիկ են եղել, որոնք հատուցել են իրենց ազգակիցների կատարած հանցագործությունների համար կամ առանց որևէ հանցագործության` ելնելով միջնադարյան նախապաշարմունքներից, ատելությունից, հենց այնպես, որովհետև «դուր չեն գալիս»։

«Տատիկս կորոշեր` սխալ է ապրել իր կյանքը, եթե թոռները մոռանային, որ այդ ամենը պատահել է։ Եվ որ նա 9 տարեկանից մինչև մահ ոչ մի րոպե ոչնչում մեղավոր չի եղել և երբեք թշնամի չի եղել», – գրել է լրագրողը։

Սիմոնյանը նաև նշել է, որ իր տատիկը հանգիստ ննջում է Կրասնոդարի գերեզմանատանը, որտեղ անարդարությունից և դաժանությունից բզկտված նրա սիրտը վերջապես հանգիստ է գտել։ Սիմոնյանն ավարտել է իր պատմությունը հոգեցունց խոսքերով. «Հանգիստ ննջիր, մենք հիշում ենք»։